Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ արտահերթ կարգով ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա իր զարմանքն արտահայտեց այն պատգամավորների նկատմամբ, ովքեր տնտեսությունից լավ տեղյակ լինելով՝ քննադատում են նախագիծը. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստոնւմ ներդրումներ անելու համար հերթ է, և մենք պետք է որոշենք, թե ում տանք այդ արտոնությունը»,-ասաց նա:
Նրա կարծիքով, եթե կառավարությունը բերում է մի նախագիծ և իր վրա պարտավորություն վերցնում, որ այն մեր պետությանը, մեր երկրի համար լավ նախագիծ է, ապա Ազգային ժողովը պարտավոր է քննարկել և տալ համաձայնություն:
Միաժամանակ խորհրդարանի ղեկավարը համամիտ է ընդդիմադիրների բարձրացրած հարցի հետ՝ ծրագրի բացակայության առումով: «Եթե բերելու են շինարարական ապրանքներ, ո՞վ է վերահսկելու, թե ինչքան են բերելու, ինչ են անելու, միգուցե վերավաճառելու են: Ես էլ եմ այդ հարցը կարևորում: Ինչպե՞ս է այդ ամենը վերահսկվելու»:
Նա նաև հայտնեց, որ իր այդ հարցադրմանը պատասխանել են, որ պետեկամուտների կոմիտեն խիստ վերահսկողություն է սահմանելու այդ բոլոր գործընթացների վրա:
Հովիկ Աբրահամյանը կարևորում է այս ներդրումային ծրագիրը Հայաստանի համար նաև այն պատճառով, որ Հայաստանը ներդրումների համար համարվում է ռիսկային գոտի, և ներդրումները պակասում են. «Հիմա այդսքան գումար են ներդնում, եթե դա իհարկե իրական է, իսկ մենք քննադատում ենք»:
Հովիկ Աբրահամյանը, առիթից օգտվելով, նաև կոչ արեց պատգամավորներին, որ եթե նրանք ունեն ծանոթներ, որոնք պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, ապա նախաձեռնեն դա՝ իհարկե նշելով, որ այդ դեպքում էլ արտոնություններ կլինեն: «Տասը միլիոն դոլլարի ներդրում անողին վարչապետն իջնում է վերևից, դիմավորում, սիրաշահում է, որ դա իրականանա»,-նկատում է Հովիկ Աբրահամյանը,-երբ որ Աստծո կամոք մեր մոտ ներդրումներ անողների հերթ կլինի, կնստենք, կքննարկենք՝ տանք արտոնություն, թե չտանք: Բայց հիմա չկա նման բան: Այս ժամանակաշրջանում մենք պետք է նման հարկային արտոնություններ տրամադրենք»,-ամփոփեց նա:
Tags: Ազգային ժողով, Հովիկ Աբրահամյան