Վաղը տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը

3 (1)Վաղը Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում  տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները կներկայացնեն հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսակ։ Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն է հանրության լայն շերտերին։ Ներկայացվելու են եկեղեցական 13 տոներ։ Կցուցադրվի, թե այդ տոների ժամանակ ինչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ինչ ձևավորմաբ և այդ կերակրատեսակներն ինչ նշանակություն են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը և «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը։

«Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավի պատվին: Փառատոնի մուտքն անվճար է լինելու, բայց ուտեստները՝ վճարովի։ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։

Փառատոնին իրենց ազգային կերակրատեսակներով, երգ ու պարով կներկայանան նաև Հայաստանում ապրող հույներն ու ուկրաինացիները։ Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդեսին կլինի նաև ազգային երգ–երաժշտություն և պար, ազգային խոհանոցի ծեսերի հետ կապված թատերական ներկայացումներ և այլն։