Աբդուլլահ Գյուլը ստորագրել է ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը

orenq Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է «Ալկոհոլային խմիչքների վաճառքի և գովազդի կարգավորման» մասին օրենքը, որը միանշանակ ընդունելություն չգտավ թուրք հասարակության կողմից: Օրենքը ուժի մեջ է մտել կառավարության պաշտոնաթերթ  «Resmi Gazete»-ում հրապարակվելուց հետո:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիայում սպիրտային խմիչքների վաճառքը արգելվում է 22:00-ից 06:00-ի միջև ընկած ժամանակահատվածում: Ամբողջությամբ կարգելվի նաև ալկոհոլի գովազդը, այդ թվում նաև պրոմո-ակցիաները, բացառությամբ մասնագիտացված միջոցառումների և ցուցահանդեսների:

Նշենք, որ ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը բավականին վիճահարույց էր և մեծ դժգոհություն առաջացրեց թուրք հասարակության արևմտամետ զանգվածների մոտ: Այս օրենքը ևս պատճառ հանդիսացավ Թուրքիայում հակակառավարական ալիքի առաջացման համար, որը մեծ թափով շարունակվում է արդեն երկու շաբաթ: