«Այս ձևը ձև չի». ՀՅԴ-ն նույնպես դեմ է

hyd-xmbakcutyuny-chi-n34542-1Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը դիտարկեց երեք` կրթական, լեզվաքաղաքական և տնտեսական քաղաքականության հարթության մեջ:

«Առաջինի առումով բոլորս էլ համաձայն ենք: Այո, Հայաստանն ունի մրցակցային մեկ առավելություն՝ ինտելեկտուալ ներուժը: Կրթական ծառայության արտահանման առումով կարևոր է սա: Սակայն, երբ քննարկում էինք Լեզվի և հանրակրթության մասին օրենքները և այս հարցերը բարձրացնում էինք, ասում էիք` բոլոր ծրագրերը մանրամասն ներկայացնելու եք Ազգային ժողով: Ցավոք, մենք հիմա դա չենք տեսնում: Ինչքան էլ ասեք, որ հետագայում կներկայացեք և այլն, երկրորդ անգամ արդեն մենք օդի մեջ քննարկում ենք»:

Արծվիկ Մինասյանի մտահոգությունները վերաբերում են նաև Հայաստանում շնորհաշատ երեխաների համար անվճար և որակյալ կրթություն ապահովելուն և նրանց ներուժը Հայաստանին ծառայեցնելուն: Մինասյանի կարծիքով` ոչինչ չի ստիպում լավ կրթություն ստացածին մնալ Հայաստանում, ուստի պետք է նախ և առաջ պայմաններ ապահովել, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետ նրանք մնան Հայաստանում և ծրագրում ներառել հստակ պայման:

ՀՅԴ պատգամավորը կիսեց գործընկերների մտահոգությունը` կապված ծրագրի բացակայության հետ. «Եթե ծրագիր չկա, ի՞նչն ենք քննարկում: Քննարկում եք, որ ի՞նչ անեք: Ո՞ւմ ենք տալիս արտոնությունը: Այս ձևը ձև չէ»,-ասաց նա:

Տնտեսական քաղաքականության տեսակետից նա գտնում է, որ եթե այս արտոնությունների քաղաքականությունն իսկապես բերելու է այն սոցիալական էֆեկտին, ինչի մասին վստահեցնում է կառավարությունը, ապա  անհրաժեշտ է այն ընդգրկել նաև այլ մրցունակ ճյուղերում:

Մինասյանին նաև հետաքրքրում է, թե ովքեր են դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները, որտեղի՞ց է դպրոցը ֆինասնավորվելու: Նրա կարծիքով` սրանք ազգային անվտանգության հարցեր են:

Մինասյանն առաջարկեց  առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություն մտցնել և գրել, որ որ արտոնություններ կտրվեն այն դեպքում, երբ խորհրդարանին կներկայացվի ծրագիր: «Մենք հնարավորություն ունենք արտահերթ նիստեր գումարելու, լսումներ անցկացնելունք, սա կրթական քաղաքականություն է ի վերջո»:

Խմբակցության վերջնական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Կառավարությունը պետք է հետաձգի այս օրենքի ընդունումը, ԱԺ-ին հանգամանորեն բոլոր հնարավոր ռիսկերը ներկայացնի, և մենք իմանանք, ինչ ենք ընդունում: Եթե մենք ինքներս մեզ չհարգենք, մեզ ոչ ոք չի հարգի»,-ասաց Վարդանյանը:

Tags: ,