Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց 2012 թ. բյուջեի կատարողականը: Ըստ նրա՝ նշված տարում տնտեսական աճը կազմել է 7.2% աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, գնաճը կազմել է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հատկանշական համարելով այն երևույթը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, որը նշված ժամանակահատվածում կառավարության անդամ չի եղել, ասաց. «Սա իսկապես բնորոշ փաստ է և հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Ազգային ժողովի կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս Ազգային ժողովում խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է, որովհետև կռահում է, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար հեշտ չէ»,-ասաց Փաշինյանը:
Դիմելով ֆինանսների նախարարին`ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից տրված 10 միլիոն դոլարի վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է գտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ»։
Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով, դա շատ կասկածելի գործարք է, որն ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը` ծառայել ՀՀ ժողովրդին, այլ անձամբ Տիգրան Սարգսյանի:
Փաշինյանին պատասխանեց ֆինանսների նախարարը`հիշեցնելով, որ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել և ինչ տարբերակով է օգտագործվել համապատասխան պաշտոնյայի անունը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը հենց դրանում է. փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից այդ մասին ասել»:
«Պարո՛ն Փաշինյան, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ հնչեցնելու համար»,-նկատեց Դավիթ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն` վերջերս «Հետք» էլեկտրոնային օրաթերթում հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում իր անունն արծարծելու համար:
Tags: Ազգային ժողով
