«Շանթ»-ը պարզաբանում է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու պատճառները

arm137096204965«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ.

«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

 

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

Նաև նշենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում` իրենց աջակցությունը հայտնելով հեռուստալրագրողին և քննադատելով այն իրողությունը, որ ֆեյսբուքում ազատ արտահայտվելը կարող է աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ: