Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ առավոտյան թուրքական ոստիկանությունը մտել էր Թաքսիմ հրապարակ մաքրելու համար այնտեղ կախված պաստառներն ու ցուցանակները: Ահա պարզ է դարձել, թե երեկ ոստիկանության միջամտության արդյունքում քանի հոգի է տուժել: Վաղ առավոտյան հարյուրավոր մարդիկ օգնության համար դիմել են այգու հարևան պողոտայում տեղակայված բուժկետ:
«Ռադիկալի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ երեկոյան ժամը 20:15-ի սահմաններում, երբ ոստիկանությունը երկրորդ անգամ գործի դրեց ջրցան մեքենաները, մեծացավ բուժկետ դիմած կամ բերված վիրավորների թիվը: 21 հոգի ստացել է գլխի վնասվածք, 11-ը ստացել են տարբեր կոտրվածքներ, 7-ի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, 460 հոգի տուժել է գազից, 81-ը՝ գազի գումբերից և պլաստիկ փամփուշտներից, 10 հոգի այրվածք, 7-ն էլ կտրվածք են ստացել: Դեպքերի ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցների երկու ներկայացուցիչներ կրծքի և պարանոցի հատվածում մահակի հարվածներ են ստացել, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց սրտային անբավարարության առաջացման վտանգով:
«Գեզի» այգու բժիշկները արձանագրել են այս թվերը՝ նշելով, որ սա վիրավորների քանակի առումով կարելի է համարել ամենածանր օրը այս երկու շաբաթում:
Tags: թուրքիա