Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն հունիսի 11-ին Բաքվում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում ընթացող Պաղեստինի օգնությանն ուղղված դոնորական կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը:
Հանդիպման ժամանակ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստինին և հանդես է գալիս մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ երկու պետությունների ստեղծման սկզբունքի հիման վրա, հաղորդում է “Անսպրեսս”-ը:
Ըստ ադրբեջանական “Հաքքին” կայքի` Մամեդյարովի նման հայտարարությունը զարմանք է հարուցում՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության ֆոնին:
“Նման հայտարարությունը հերթական խառնաշփոթն է ստեղծում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, որը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ընտրության հարցում: ԱԳ նախարարի հայտարարությունն իր ոգով փաստացի հակաիսրայելական բնույթ է կրում, քանի որ դեմ է հանդես գալիս Իսրայել պետության ռազմավարական նպատակներին և խնդիրներին”,-ասված է կայքի հաղորդագրությունում: