Այսօր կայացավ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը:
IDEAS ծրագրի տպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության դերը և կարողությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մոնիտորինգ իրականացնելու գործընթացում արդյունավետ աշխատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Արևիկ Սարիբեկյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի անգլերեն հապավումը շատ ճիշտ է տալիս ծրագրի էությունը, քնաի որ IDEAS նշանակում է գաղափար, իսկ ծրագիրն ինքը մի մեծ գաղափար է, որի իմաստն է ներգրավել հաշմանդամություն ունեցող մարդկանց ոչ միայն սեփական խնդիրներին առնչվող պրոբլեմների լուծմանը, այլև առհասարակ հասարակությանը հուզող խնդիրների քննարկումներին:
Անդրադառնալով սայլակով տեղաշարժվող անձանց համար թիվ մեկ պրոբլեմ դարձած տրանսպորտին` Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք հարմարեցված են անվասայլակներին, իրականում հասարակական տրանսպորտ չեն, այլ հատուկ երթևեկության միջոց` հաշմանդամություն ունեցողների համար, մինչդեռ իրենց նպատակն է հասնել այն բանին, որ հասրակական տրանսպորտը հարմարեցված լինի նաև հաշմանդամություն ունեցողներին:
Բանախոսների պնդմամբ իրենց ծրագիրը մեծ կարևորություն ունի` կոտրելու հասարակական կարծրատիպերը, որոնք էլ ոլորտի հիմնական պրոբլեմն են:
Ասուլիսից հետո հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով հետաքրքրված և ոլորտում դերակատարություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերը մասնակցեցին ծրագրի առաջին համաժողովին, որը վարեց Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետ Մայքլ Մուրը:
