Հրապարակվել են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

Picture 032Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը ժամը 9-18-ը քննակենտրոններում դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

«Աշխարհագրություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 340 դիմորդներից 330-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ ընդհանուրի 6 տոկոսը:  7,5-12,75 է ստացել 101 դիմորդ կամ 30 տոկոսը, 13-16,75 է ստացել 102 դիմորդ կամ 31 տոկոսը, 17-20 է ստացել 108 դիմորդ կամ 33 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր է ստացել 12 դիմորդ (4 տոկոսը):

Նշենք, որ 2012-ին աշխարհագրության միջին միավորը  2,2 նիշով ցածր էր` 12,3 էր,  դիմորդների 9,7 տոկոսն անբավարար էր ստացել, իսկ հիմնական մասը` 47,1 տոկոսը ստացել էր նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25:

«Ընդհանուր պատմություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 224 դիմորդներից 214-ը:

Միջին գնահատականը 11,5 է:  Ընդհանուր պատմությունից կտրվել է դիմորդների 20 տոկոսը (43 դիմորդ), 7,5-12,75 է վաստակել 95 դիմորդ` 44 տոկոսը, 13-16,75` 42 դիմորդ` 20 տոկոսը, 17-20 միավոր է ստացել 34 դիմորդ` 16 տոկոսը: 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Նախորդ տարի «Ընդհանուր պատմության» միջին գնահատականը ավելի բարձր էր`  12,2 էր,  ավելի փոքր էր նաև անբավարար ստացած  դիմորդների  թիվը` 14,8 տոկոսը: 2012-ին «Ընդհանուր պատմություն»-ից 20 միավոր էր ստացել 2 դիմորդ:

«Կենսաբանություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 1687 դիմորդներից 1643-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 199 դիմորդ` 12 տոկոսը: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է հավաքել 392 դիմորդ` 24 տոկոսը, 13-16,75 միավոր է ստացել 364 դիմորդ` 22 տոկոսը, 17-20` 688 դիմորդ` 42 տոկոսը: Այս տարի կենսաբանությունից 20 միավոր է ստացել աննախադեպ թվով` 182 դիմորդ` 10 տոկոսը:

2012-ին «Կենսաբանության»  միջին միավորը 11,4 էր`3,1 նիշով ցածր այս տարվա միջինից: Անբավարար էր ստացել դիմորդների 19,9 տոկոսը, իսկ մեծ մասը` 45,7 տոկոս, ստացել էր նվազագույն դրական միավորներ`  7,5-13,25:   20 միավոր էր ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Tags: , , ,