Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահի տեղակալ, գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը հայտարարել է, որ ընդդիմադիր Ազգային խորհուրդը և դրա ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը գալիք նախագահական ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունեն:
“Ազգային խորհրդի ստեղծումը սովորական իրադարձություն է, որն Ադրբեջանի կյանքում որևէ նշանակություն չունի: Փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունն ինչ հեշտությամբ որ ստեղծել է նման կառույցներ, նույնքան հեշտությամբ ու արագությամբ էլ քանդել է: Ընդդիմությանն ավելի լավ հաջողվում է քանդել իր ստեղծածը, քան միավորվել: Ազգային խորհրդի կազմում ընդգրկված մարդիկ արդեն 20 տարի է, ինչ փորձում են դառնալ Ադրբեջանի քաղաքական կյանքի մասնակիցը և հաջողության հասնել ընտրություններում, սակայն Ազգային խորհրդի կազմում ընդգրկվածները չեն վայելում քաղաքացիների աջակցությունը, ուստի բոլորն էլ դատապարտված են անհաջողության”,- ասել է Ահմեդովը:
Ադրբեջանցի քաղաքական գործիչը անդրադառնալով, կինոդրամատուրգ Իբրահիմբեկովի՝ Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու փաստին, հայտարարել է, որ նա չի կարող որևէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի քաղաքական կյանքի վրա: “Նա որոշ հաջողությունների է ունեցել կինոյի բնագավառում: Մենք, անշուշտ, դա խոստովանում ենք: Սակայն նա՝ որպես քաղաքական գործիչ, ոչ փորձ ունի, ոչ էլ վայելում է Ադրբեջանի ժողովրդի աջակցությունը: Ուստի պարզապես միամտություն է հաջողություն ակնկալել Ազգային խորհրդից, որի կազմում Իբրահիմբեկովի գլխավորությամբ հավաքվել են մի խումբ անհաջողակ ընդդիմադիրներ”,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Սպասվում է, որ Ազգային խորհուրդը 2013թ-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է հենց Իբրահիմբեկովի թեկնածությունը:
Tags: ադրբեջան
