«Սրա վերջն ի՞նչ է լինելու». Հովիկ Աբրահամյանն ապշած է Վերահսկիչ պալատի բացահայտումներից

HOVIK_ABRAHAMYANԱզգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում։ Լուրջ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել հատկապես շինարարության և գնումների ոլորտում:

Հաշվետվության ներկայացումից հետո մինչ պատգամավորները հարցեր կուղղեին Իշխան Զաքարյանին, վերջինիս նախ հարց ուղղեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն ուղղակի զարմացած է այս փաստաթղթից.  «Փաստորեն, մենք գործ ունենք թալանչիների հետ,-ասաց նա,-ես ուղղակի զարմացած եմ, պարոն Զաքարյան: Էս մարդկանց բոլոր գործերը նախ պետք է ուղարկվի դատախազություն: Բայց կարծես այս ամենը շարունակական բնույթ է կրում: Սրա վերջն ի՞նչ է լինելու: Փաստորեն բյուջեի փողերը լափում են որոշ մարդիկ…»:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ պատասխան են տվել Վերահսկիչ պալատին այն պետական կառույցների ղեկավարները, որտեղ բացահայտվել են չարաշահումները:

Իշխան Զաքարյանը նախ պատասխանեց, որ բոլորն էլ իրենց բացահայտումներն ընդունել են, բացառությամբ երկու դեպքի: Բացի այդ, Հանրապետական կուսակցությունում երկարատև քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում հստակ խնդիր է դրված եղել, որպեսզի պետական գերատեսչությունների ղեկավարները պատասխանեն, թե ինչ է փոխվել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: «Վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե այդ գործերն ինչ ընթացքում են, իսկ մեզ շնորհակալություն է հայտնել մեր կատարած աշխատանքի համար: Բացահայտումների 80 տոկոսի դեպքում մենք ունենք հստակ պատասխաններ, և այդ պատասխանները դրված են կառավարության կայքում»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Միաժամանակ նա նկատում է, որ կան նաև պատասխաններ, որոնք ընդամենը պատասխաններ են՝ օրինակ, Վերահսկիչ պալատին չի բավարարել բիոզուգարանների հետ կապված պարզաբանումները:

Վերահսկիչ Պալատի նախագահը ևս մեկ անգամ փաստում է, որ այս պահին ամենալուրջ խնդիրը շինարարության և գնումների ոլորտում է: Որպես օրինակ՝ նա նշում է պետական կարիքների համար գնվող հսկայական հացը: «Մինչև հիմա մենք նորմալ ստանդարտներ չունենք սահմանված»:

Իշխան Զաքարյանը ենթադրում է, որ հավանաբար տարիներ շարունակ այդ բարձիթողի վիճակը ձեռնտու է եղել որոշ մարդկանց, սակայն հիմա իրենք փորձում են շտկել իրավիճակը: «Գուցե պատժի առումով ինչ որ անում ենք, դեռ բավարար չէ, բայց ամեն դեպքում, այս ամենի մասին բաց, հրապարակային խոսելն այս իշխանության հստակ դիրքորոշումն է:  Երեք տարի ես խոսում էի թոշակների մասին այս ամբիոնից, ոչ ոք չէր հավատում, որ ինչ որ բան կփոխվի: Բայց կարծես այսօր այդ թեմայով այլևսչեն խոսում»,-ասաց Զաքարյանը:

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ուղղակի հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ մենք հայտնաբերում ենք այդ թերությունները, բայց պատիժ չի լինում, որովհետև կստացվի, որ մենք էլ ենք մասնակից դրան: Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Այս ացահայտումները պիտի լուրջ հետևանքներ ունենան: Կեղծիքներով, թալանով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից: Անփոխարինելի աշխատողներ չկան»:

«Խորքային առումով ես Ձեզ հետ համամիտ եմ, բայց կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար: Կան խնդիրներ, որ տարիներ շարունակ կուտակված են եղել, պետք է դրանք վեր հանենք, խոսենք դրանց մասին, շտկենք և գնանք առաջ»,-պատասխանեց Իշխան Զաքարյանը:

Tags: ,