ԷՖՐՈՍՅԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. «Վերջերս սեռական հեղափոխություն տեղի ունեցավ»

NAHAPETYAN 1Որևէ պետության գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են այդ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Բնականոն է,  եթե ծերերն ապահով են, իսկ երեխաները՝ ուրախ:

Էֆրոսյա Նահապետյանն ավելի քան 40 տարի է, ինչ զբաղվում է գինեկոլոգիայով ու մանկաբարձությամբ: 40 տարվա ընթացքում հասցրել է մասնակցել միջազգային սեմինարների ու կոնֆերանսների՝ ներկայացնելով մեր երկիրը, 40 տարվա ընթացքում շատ կանայք, որոնք վերարտադրության   խնդիր են ունեցել` երջանկություն ու մայրական բերկրանք է պարգևել:

Մեր զրույցն էլ տիկին Նահապետյանի հետ թեպետ բժշկական հիմք ունի, վերաբերում է ընտանեկան ու հասարակական խնդիրներին:

- Ինչպե՞ս սկսվեց:

- Փոքրուց հասկացա, որ սիրում եմ մարդկանց օգնել: Հարևան ունեինք, երեխան էպիլեպսիայով հիվանդ էր: Ես վախենում էի այդ ցնցումներով երեխային տեսնելիս, բայց չէի կարողանում անտարբեր անցնել: Այդ կնոջն օգնում էի, նրա համար հաց ու ջուր էի տանում: Իսկ հաց ու ջուր բերելու համար առնվազն երկու-երեք կիլոմետր պետք է գնայինք: Ոսկե մեդալով ավարտեցի դպրոցը և մտածեցի, որ ամենաճիշտը բժշկական ինստիտուտ ընդունվելն է, բժշկուհի դառնալը: Ես կարծում էի, որ մարդուն օգտակար լինելն ամենաերջանիկ զգացողությունն է, և փաստորեն չսխալվեցի: Կողքից ինձ անընդհատ ասում էին, որ չեմ կարող ընդունվել բժշկական ինստիտուտ, ու զարմանում էին անգամ, որ այդ ուղղությամբ մտածում էի: Դասախոսի մոտ պարապելու հնարավորություն չունեի, ես ինքնուրույն էի պարապում, ու ի զարմանս բոլորի, ընդունվեցի:

- Տկն Նահապետյան, 80-90-ականներին հայ կանայք ի՞նչ խնդիրներ ունեին և ի՞նչ խնդիրներ ունեն այսօր:

- Ես կարծում եմ, որ խորհրդային, նորանկախ շրջանում  խնդիրները քիչ էին: Այն ժամանակ կանայք ավելի երջանիկ էին, սեքսուալ խնդիրներն ավելի քիչ էին: Քիչ էին նաև այսքան տարածված սեռավարակները: Ճիշտ է, արհեստական ընդհատումներ՝ վիժումներ, միշտ էլ եղել են, և անգամ երբեմն եղել են չբացահայտված վիժման դեպքեր: Գիտեք, վերջին ժամանակներս սեքսուալ հեղափոխություն տեղի ունեցավ: Մարդիկ գտան, որ ազատամտությունը, ազատ վարքագծով ապրելն ավելի լավ է, բայց իրականում կյանքը նորից վերադառնալու է հնին: Օրինակ՝ այսօր շատերը, ուսումնասիրելով հայ ժողովրդի ապրելաձևը, տեսնում են, որ մեր ավանդույթները շատ ավելի թանկ են: Դա է պատճառը, որ շատ երկրների տղամարդիկ երազում են հայ կին ունենալ:

- Բայց այսօր մենք ազատ Եվրոպային ենք ձգտում, չէ՞: Սեռական ազատությունից զատ, նշենք աղջիկների ծխելը, խմելը

-  Ալկոհոլիզմը հիվանդություն է. անընդհատ պահանջ է առաջացնում նորից օգտագործելու: Ալկոհոլի ազդեցության տակ կատարած որևէ գործողություն կարող է մարդու համար ճակատագրական լինել: Նա կարող է ունենալ անցանկալի սեռական ակտ, անցանկալի հղիություն, անցանկալի հղիության պատճառով անցանկալի աբորտ:

Պատահում են դեպքեր, երբ առաջին աբորտից հետո կինն այլևս չի հղիանում:

Ընդամենը մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկել մի գեղեցկադեմ աղջիկ, որին ասել էին, թե իր մոտ արատավոր է պտուղը, բայց պտղի արատը հաստատված էլ չէր: Վերցրել ընդհատել էին, ընդհատման ժամանակ արգանդը վնասվել էր, և ստիպված են եղել արգանդը հեռացնել, որ կարողանան փրկել կյանքը:

Ես կարծում եմ, որ պետք է լուրջ վերաբերվել կյանքին, պետք է պատասխանատու լինես: Կինն ալկոհոլ պետք է օգտագործի միայն առիթների ժամանակ ու շատ քիչ քանակով: Ծխելու մասին էլ չասեմ, թե որքան բացասական հետևանքներ կարող է առաջացնել. ուղղակի պետք է աղջիկները չծխեն:

- Բժշկական հետազոտություններն էի ուսումնասիրում ու կարդացի, որ 18-25 տարեկան աղջիկները, եթե սեռական հարաբերություններ չեն ունենում, 30 տարեկանից  նրանց մոտ սկսվում են հիվանդագին զգացողություններ, հնարավոր է՝ այդ աղջիկները նաև հոգեկան հիվանդություններ ձեռք բերեն

- Գիտեք, այդպիսի  բան չկա: Ես չէի ասի, որ մեր երկրում այլանդակություն է տիրում: Իրոք, մեր աղջիկները զուսպ են, գոնե 70 տոկոսն այդպիսին են: Ուղղակի երբեմն աղջիկները գայթակղվում են: Ձեր ասածի մեջ որոշակի ճշմատություն կա:

Ես կողմնակից եմ, որ աղջիկներն ամուսնանան 20-30 տարեկանում: Եթե ուզում ենք առողջ սերունդ ունենալ: Այնպես չէ, որ երբ ուզենք ամուսնանանք, երբ ուզենք երեխա ունենանք: Հետաքրքիր են այսօրվա երիտասարդները, նրանք ձգտում են ունենալ ամեն ինչ՝ մեքենա, բնակարան, լավ աշխատանք, ու նոր միայն մտածում են ամուսնանալու մասին: 35 տարեկանից հետո պտղի արատների հնարավորություններն են մեծանում, դա ապացուցված է:

- Իսկ ես կարդացել էի դրա հակառակ տարբերակը: Խելացի ու առողջ երեխաներ ունենալու համար զույգը գոնե պետք է լինի 40 տարեկանԱնգամ բրիտանական «Դը Ջոռնալսը» բավական լուրջ լրագրողական հետաքննություն էր իրականացրել այս թեմայով, ու պարզել, որ աշխարհի ամենախելացի երեխաները հենց «տարիքով» ծնողներից են:

- Այո՛, նման բան էլ կա, բայց դա համընդհանուր չէ: Ախր միայն խելքով չի որոշվում, այստեղ նաև ֆիզիոլոգիա գոյություն ունի: Տարիքի հետ, այո՛, մարդու ինտելեկտն էլ է աճում, և նրանցից ծնված երեխաները պետք է որ ավելի խելացի լինեն, բայց ես հակառակը կասեի. այդ տարիքում կնոջ արգանդում անոթների սկլերոզ է սկսվում:

Դրա հնարավոր ապացույցներից են, օրինակ, աուտիզմով տառապող երեխաները:

Կանայք այսօր ծխում են ու դրանով ցանկանում են նմանվել տղամարդկանց: Մայրանալու հնարավորություն միայն կինն ունի, տղամարդը կարող է այսօր ծխել, վաղը չծխել. կինը միանշանակ վնասում է այն մարդուն, որը պետք է լույս աշխարհ գա:

- Ներկայացրեք կանանց մոտ հանդիպող տարածված բարդ դեպքերը:

- Դեպքերը շատ են: Ես բնավ նպատակ չունեմ բնակչությանը վախեցնել, որովհետև տեղից էլ մեր ժողովուրդը պրոբլեմների մեջ է: Այսօր, օրինակ, սեռավարակների հետևանքով շատացել են վիժումների, բարդ զարգացող հղիությունների դեպքերը: Այդ սեռավարակները հանգեցնում են ընկերքի շերտազատման, ծանր արյունահոսությունների, որոնց ժամանակ դժվար է լինում փրկել մորն ու  ծնվող երեխային:

Տարածված խնդիրներից է նաև աբորտը: Օրինակ՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկն ունի սեռական զուգընկեր և արդեն 22 տարեկանում հասցրել է անել 5-6 աբորտ: Դա ցավալի է մեզ համար: Ճի՞շտ է, որ ասում ենք, թե 17-25 տարեկանում մարդը պետք է ապրի ազատ սեռական կյանքով: Ես սեռական զսպվածության կողմնակից եմ: Եթե սեր կա, եթե կան լուրջ հարաբերություններ, հնարավոր է, որ մարդիկ ունենան սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը, հիմա այսօր դա ընդունելի է համարվում:

- Բայց տղամարդը կարող է իրեն միշտ էլ խաբված զգալ: Ապացույցը՝ մեր երկիր ներմուծված արհեստական կուսաթաղանթներն են, մյուս կողմից` անընդհատ բժիշկների միջամտությամբ կուսաթաղանթը կարելը և կույս մնալու ձգտումը…   

- Այսօր կուսաթաղանթի առկայությունը չի կարող պայմանավորել աղջկա ճիշտ բարոյական կերպարը՝ վարքագիծը, ապրելակերպը: Դա հնարավոր է անգամ ամենահամեստ ու ամենաբարոյական աղջկա մոտ: Ես ավելի քան 40 տարի է՝ այս ոլորտում եմ, ինչքա՜ն դեպքեր եմ տեսել: Օրինակ՝ մի դեպք ասեմ: Տղան գնում է բանակ ու ընկերուհուն առաջարկում է սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի վստահ լինի, որ սիրած աղջիկը սպասելու է իրեն: Աղջիկը համաձայնում է, տղան գնում է բանակ ու «կորչում»: Բանակից գալուց հետո էլ այդ տղան, աղջկան փողոցում տեսնելով, անգամ չի էլ բարևում: Եվ այդ աղջիկը ծանր է տանում: Երբեմն խաբելու հետևանք էլ է, չէ՞, լինում:

- Տիկին Նահապետյանըստ վիճակագրության՝ շատացել են ամուսնալուծությունները

- Այո՛, հիմա ես ընտանեկան դաստիարակության շատ մեծ պակաս եմ զգում: Երիտասարդ ընտանիքների 30 տոկոսն այսօր բաժանվում է: Հայ ընտանիքներում այդքան մեծ բաժանումների թիվ չի եղել: Երեխաներից ամեն երրորդը կամ չորրորդը հայր չունի:

Այս հարցը ես չեմ կապում միմիայն սեռական խնդիրների հետ, որովհետև նման խնդիրներ միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն: Պարզապես ընտանիք պահելը հատուկ մասնագիտություն է: Աղջիկներից շատերը մտածում են շքեղ ապրելու ու զուտ երեխա ունենալու մասին, ասում են՝ ամուսին էլ կարող ենք չունենալ: Բայց ամբողջ ընտանիքի համնուհոտը տղամարդն է ապահովում, երեխայի վրա գիտեք` որքան է ազդում հոր բացակայությունը:

- Տիկին Նահապետյան, հին դարերում սպանում էին սպանողին: Այսինքն՝ կինը, որն աբորտ էր անում, սպանվում էր: Կրոնական ու քրեական կողմերով սա ևս ինչ-որ առումով սպանություն է համարվում, իսկ բժշկակա՞ն:

- Բժշկական առումով էլ ես համարում եմ, որ սպանություն է: Դու խլում ես մարդու ապրելու իրավունքը: Երբեմն, իհարկե, կարող են պատահել դեպքեր, երբ բժշկական ցուցումով կինը աբորտ անի, քանի որ կյանքին վտանգ է սպառնում: Եթե տեսնում ենք, որ այդ հղիությունը վտանգում է կնոջ առողջությունը, պետք է ընդհատել, որպեսզի գոնե հնարավոր լինի պահել կնոջ կյանքը: Իսկ մյուս բոլոր դեպքերում ես աբորտը համարում եմ սպանություն:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Tags: ,