«Հայելի» մամուլի ակումբում Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և Ազգ օրաթերթի Հակոբ Ավետիքյանը այսօր լրագրողների հետ քննարկեցին Հայաստանում լրագրողի ազատությանն ու իրավունքի սահմաններին վերաբերող խնդիրները` Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու վերջին իրադարձությունների համատեքստում:
Հակոբ Ավետիքյանը նախ անդրադարձավ ոլորտի ընդհանուր խնդրին` շեշտելով, որ մեր երկրում ցավոք լրագրողները պաշտպանված չեն ու հեռացվում են աշխատանքից իրենց հիմնական պարտականությունը կատարելիս, այն է` ճշմարտությունը փնտրելիս:
Պետրոս Ղազարյանը անցավ միանգամից վերջին աղմկահարույց իրադարձություններին. ««Շանթ» հեռուստաընկերությունը, ճիշտ է, նոր ֆորմատներ է բերել և մեծ լումա ունի հեռուստաոլորտում, բայց պետք է ընդգծել, որ մյուս կողմից վերջին դեպքը մտորելու տեղիք է տալիս: Ի վերջո սեփականատերը կարող է ընդունել աշխատանքի ու ազատել աշխատանքից իր լրագրողներին: Բայց զարմանքի տեղիք է տալիս հեռացման հիմնավորումը: Արմեն Դուլյանին հեռացրել են կարծիք հայտնելու համար, նույնն է թե` բժշկին հեռացնեն մարդուն բուժելու կամ հրշեջին` հրդեհը մարելու համար: Ընդ որում` կարծիքը Դուլյանը չի հայտնել հեռուստաեթերում, չի խախտել կորպորատիվ էթիկայի նորմերը: Ֆեյսբուքյան էջում` իր անձնական տարածքում, կատարել է գրառում, ինչն իր իրավունքն է: Եթե անգամ ընդունենք, որ այդ գրառումը Շանթ հեռուստաընկերությունում կարող էին իրենց վերագրել ու զայրանալ, ապա ինձ համար անհասկանալ է մնում հեռացման ձևը: Ցանկացած կոլեկտիվում թյուրըմռնումներ միշտ լինում են: Դրանց դեպքում պետք է բացատրություն պահանջել, և միայն եթե բացատրությունները չբավարարեն, աշխատողին հեռացնել աշխատանքից: Այս դեպքում նման բան չի եղել, Արմեն Դուլյանին միանգամից հեռացրել են: Հետո է նա մեկնաբանել, որ գրառմամբ չի հղել իր հեռուստատեսության ղեկավարությանը», – ասաց Պետրոս Ղազարյանը և փաստեց. «Մեր երկրում լրագրողները անպաշտպան են, ինքնապաշտպանությունը ևս լավ չի աշխատում, լրագրողները հետամուտ չեն լինում իրենց կոլեգաների իրավունքների պաշտպանությանը: Սրա մասին է վկայում այն, որ Դուլյանի հեռացման դեմ հենց թեկուզ սոց. ցանցերում շատ քիչ լրագրողներ դուրս եկան»:
