Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում՝ մասնավորապես շինարարության և գնումների ոլորտում, որոնք էլ, ըստ Զաքարյանի, իրենց կողմից որպես հիմնական կոռուպցիոն ոլորտներ խիստ հսկողության տակ են:
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Վերահսկիչ պալատի նախագահին ուղղեց հաշվետվության հետ կապ չունեցող, բայց հանրության ուշադրության տակ գնտվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խայտառակ չարաշահումներին վերաբերող հարց:
«Մեկ ամիս ժամանակ եք տվել իսպանական ընկերություններին ուղղվելու համար: Իմ հաշվարկներով մեկ ամիսն արդեն ավարտվել է: Ե՞րբ և ի՞նչ չափորոշիչներով ենք մենք տեսնելու, որ ընկերությունը շտկվել է իր թերությունները, և ճանապարհը կունենա որակ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Իշխան Զաքարյանը նախ հիշեցրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն այս պահին մեր քաղաքաշինության ոլորտի ֆինանսական ամենամեծ ծրագիրն է՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկի կողմից ներկայացված բոլոր պահանջները կառավարությունը հստակ կատարել է. «Ի՞նչն է խնդիրը: Երբ մենք սկսեցինք մեր երկու-երեք հանձնախմբերով վերահսկողություն իրականացնել, պարզվեց, որ բավակնաի խնդիրներ արդեն իսկ Կապի և տրանսպորտի նախարարության կողմից արդեն բացահայտված են եղել: Մենք միասին շարունակեցինք ուսումնասիրությունները, և արդյունքում մեր կողմից կազմվեցին երեք՝ մեկը մեկից վատ արձանագրություններ, որից հետո ես խնդիրն անմիջապես զեկուցեցի հանրապետության նախագահին: Տասը օր հետո տնօրենն ազատվեց աշխատանքից»,-ասաց Իշխան Զաքարյանը:
Նա նաև տեխնիկական մանրամասներ ներկայացրեց խախտումներից՝ թվարկելով առաջացած խնդիրները:
Զաքարյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատի և Կապի և տրանսպորտի նախարարության կողմից բացահայտված խախտումները շտկվել են: «Կա շինարար, կա տեխնիկական հսկող, որը պարտավոր է կանգնեցնել և թույլ չտալ, որ նման ձևով աշխատանքը շարունակվի: Շինարարի հետ կապված էլ մենք ունենք բավականին շատ նյութեր հավաքած և մոտ ապագայում խոսելու ենք նաև դրա մասին: Այս պահին շտկումների աշխատանք է իրականացվում: Վերահսկիչ պալատի երկու աշխատակիցներ ամբողջ օրն այդ ճանապարհի շինարարությունը հսկում են»,-հավաստիացրեց նա:
Նաիրա Կարապետյանն, արձագանքելով Զաքարյանի պատասխանին, կարծիք հայտնեց, թե միգուցե ճիշտ կլինի մրցույթի չափորոշիչնե՞րը փոխել. «Էդ շինարարները, կներեք արտահայտությանս համար, ոնց որ խոպան եկած լինեն Հայաստան: Իսկ տնօրենին աշխատանքից ազատելը Հյուսիս-Հարավը չփրկեց»:
Իշխան Զաքարյանը, սակայն կարծում է, որ եթե վերահսկողությունը ճիշտ է ընթանում, կառուցողը չի կարող անընդհատ խախտումներ թույլ տալ:
Նա նաև հիշեցրեց, որ ութ միլիոն դոլլարի պայմանագիր է կնքված տեխնիկական հսկողություն կատարող ընկերության հետ, սակայն զարմացել է, երբ այդ ընկերության ներկայացուցիչը բողոքել է, թե ընդամենը ութ հսկող ունեն. «Ես էլ ասացի՝ դա մեր ի՞նչ խնդիրն է կամ դա ի՞նչ արդարանալու բան է, քսան հսկող պահեք, նման մեծ ծրագիր եք շահել»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ մինչ այս հայտարարվում էր, թե այդ ընկերություններն աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերություններից են և այլն. «Հենց գալիս են մեր պետություն, սկսում են վատ աշխատե՞լ»:
Իշխան Զաքարյանն էլ արդարացավ, թե իրենք երբեք չեն հայտարարել նրանց բարձր ռեյտինգների մասին, այլ ընդամենն ասել են, որ տարբեր երկրներում լավ գործեր արել են:
Tags: Ազգային ժողով