Այսօր կայացավ «Սիրիա: Անցյալը, ներկան և ապագան» խորագրով կոնֆերանսը: Քննարկմանը ներկա էին քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, Նորավանք գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող բազմաթիվ դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ:
Սիրիայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով` քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մատնանշեց, որ այն, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում, սկսվել է 1990-ականների առաջին կեսին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր կատարում Լեռնային Ղարաբաղում, և պաշտոնական Ստեփանակերտը զգուշացնում էր միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում տեռորիստական հրեշ է ծնվում, որը ուտելու է նաև իրենց: Խոսքը միջազգային տեռորիստական կազմակերպության մասին էր, որի մեջ էին մտնում զինյալներ Ռուսաստանից, Չեչնիայից, արաբական երկրներից, Պակիստանից, Թուրքիայից և այլն: Ներկայացնելով կադրեր, որոնցում տեռորիստական այդ կազմակերպությունները գերիներին գնդակահարում են, մահացած մարդկանց սրտերն ուտում, փոքր երեխային սովորացնում գերիների գլուխներ կտրել, գնդակահարում խաղաղ բնակչությանը` քաղաքագետը բնորոշեց այդ զինյալներին մարդակերներ, արնախումներ, որոնք իրենց տեռորիստական ճանապարհը սկսել են Ադրբեջանում:
«Սա Սիրիական ազատ բանակն է, որը այսօր դարձել է մի շարք պետությունների` Ֆրանսիայի, Թուրքիայի, Քաթարի, ԱՄՆ-ի գործընկերը: Այս երկրները որպես կանոնավոր իշխանություն սրանց են ճանաչում: Սիրիական ազատ բանակը սկսել է ձևավորվել 2011-ին, Թուրքիայի արևելքում: Այն ժամանակ բանակի մեջ էին մտնում Աիրիայի բանակի դասալիքներն ու ընդդիմադիրները, այժմ գրեթե սիրիացիներ չկան: Զենքը ստանում են Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և Թուրքիայից: Զինակոչվում են 9 տարեկանից: Սա է այն կազմակերպությունը, որին ԱՄՆ-ը ցանկանում է բերել Սիրիայի իշխանության գլուխ, այն ԱՄՆ-ը, որը ամենուր խոսում է մարդու իրավունքներից»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նկատեց, որ ԱՄՆ-ի կոկորդի ոսկորը Իրանն ու Սիրիան են: ԱՄՆ-ը այսօր եկել ու դեմ է եղել Սիրիային, որին չի կարողանում շրջանցել, քանի որ Սիրիան անկախ է, իսկ ԱՄՆ-ը «անկախություն չի սիրում»: Այդ պատճառով էլ նպատակ է դրել Սիրիան ոչնչացնելը, ինչին պետք է խոչընդոտել բոլոր հնարավոր միջոցներով:
