Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը Պաշտպանի ուշադրության կենտրոնում

միպՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրը: Օրեր առաջ նա դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի տրամադրման կարգում:

Նախագծի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մանկական խնամակալական կազմակերպությունների 1991-2003թթ-ի շրջանավարտները, ովքեր ունեն բնակելի տարածության իրավունք, ներառված են լինելու նոր ձևավորվող հերթացուցակում նախկինում սահմանված հաջորդականությամբ: Այսինքն՝ նոր ցուցակում նրանց հերթը պահպանվելու է՝ ըստ նախկինում ներկայացված դիմումների ժամանակագրական հաջորդականության:

Նախարարության տրամադրած նախագծում, սակայն, առկա է մի դրույթ, որը մտահոգության տեղիք է տալիս: Մասնավորապես, սոցիալական տան կացարանների թվաքանակի բաշխումը սահմանվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, համաձայն որի՝ բացառվում է նույն հասցեում գտնվող կացարաններում որևէ սոցիալական խմբին կացարանների 50%-ից ավելի թվաքանակի տրամադրումը: Նույն խմբին տրամադրվող բնակարանների նվազագույն թվաքանակը, սակայն, որևէ կերպ չի սահմանվում և ստացվում է, որ օրինակ Թբիլիսյան խճուղի 3 հասցեի մասնաշենքում, որտեղ նախատեսվում է 45 առանձնացված սենյակ, լավագույն դեպքում, բնակելի տարածություն կստանան մանկատան շրջանավարտներից 22-ը:

Մտահոգված լինելով բնակարանների տրամադրման հերթացուցակում հաշվառված մանկատների 243 շրջանավարտների ճակատագրով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կոչ է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորինս ողջամիտ լուծումներ գտնել գոյություն ունեցող ռեսուրսների բարեխիղճ օգտագործման համար՝ չչարաշահելով հայեցողական լիազորությունները: