Նիդեռլանդների Հաագա քաղաքում`Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հունիսի 12-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Ազադլըխ” կայքը, ցույցը կազմակերպել է Եվրոպայի ադրբեջանցիների ազգային միության խորհուրդը` ի նշան Ադրբեջանի իշխող վարչակարգի դեմ բողոքի: Ցուցարարները պարզել են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների լուսանկարները, ինչպես նաև “Ազատություն քաղբանտարկյալներին”, “Ադրեջանում վխտում է կոռուպցիան, կեղծվում են ընտրությունները, ակտիվիստները բռնաճնշումների են ենթարկվում”, “Ոչ դիկտատուրային և դիկտատորին”, “Հրաժարական” վերտառությամբ պաստառներ:
Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններին արդեն երրորդ անգամ ներկայացված գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածության դեմ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
Tags: Ադրբեջանցիների ցույց