Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ցույց արևմտյան լրատվամիջոցների դեմ

medyaՍտամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա արտասահմանյան լրատվամիջոցների կողմից Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները «խեղաթյուրված կերպով» ներկայացնելու դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են բրիտանական BBC հեռուստաընկերության շենքի դիմաց, որպեսզի բողոքեն «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների ոչ օբյեկտիվ լուսաբանման դեմ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, թե BBC,  CNN International և Reuters հեռուստաընկերությունները Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրել են այնպես, կարծես թե երկրում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Ցուցարարը նշել է, որ միևնույն ժամանակ այդ նույն լրատվամիջոցները անտեսում են Սիրիայում հազարավոր մարդկանց վախճանը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից նշել է, թե ինքը անկախ լրագրության կողմնակից է, սակայն դեմ է, որպեսզի նրանք խառնվեն այլ երկրի ներքին գործերին: Նշենք, որ ցույցը անցել է առանց պատահարների:

Tags: