ՕԵԿ-ն առաջարկելու է օրենք՝ Վերահսկիչ պալատի բացահայտումները միանգամից դատախազություն ուղարկելու վերաբերյալ

3ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հստակեցրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված իր խոսքը, որը մամուլում սխալ ձևով է ներկայացվել.  «Ես ոչ թե ասել եմ՝ Իշխան Զաքարյանին պետք է ձերբակալել, այլ երբ ինքը ներկայացրեց, որ 107 դրամ արժեցող մալուխը ձեռք է բերվել 800-1000 դրամով, ինչը զանգվածային ալան-թալան է, ես նրան ասացի, որ ստիպված է հաջորդ անգամ Ազգային ժողով գալուց իր հետ ձեռնաշղթաներ բերել, քանի որ գործուն միջոցներ չի իրականացվում այդ անձանց նկատմամբ»,-պարզաբանեց նա:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ շուտով ՕԵԿ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի Վերահսկիչ պալատն իր կողմից  արված խախտումների վերաբերյալ ոչ թե հանդես գա գնահատականներով, որ դա բացթողում էր, չարաշահում կամ կեղծիք, այլ միանգամից այդ խախտումներն ուղարկի դատախազություն: ՕԵԿ-ը նաև առաջարկելու է դատախազության մասին օրենքում և ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրել մի դրույթ, որ գլխավոր դատախազությնա կողմից ամեն տարի Ազգային ժողովին ներկայացվող հաղորդագրության մեջ մանրամասն անդրադարձ լինի նաև Վերահսկիչ պալատի տված նյութերին և դրանց արդյունքներին:

Tags: ,