«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը

DSCN4160Այս տարի շուրջ 200 ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Կազմակերպիչները դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է տեղավորվեն ժամանակի ու ցուցադրման սրահների մեջ: Կարևորը սակայն այն է, որ ստացվել է իրոք ուժեղ մրցութային ծրագիր: Այս մասին այսօր  «Գոլդեն Թուլիփ»  հյուրանոցում  լրագրողներին ասացին «Ոսկե ծիրան»  10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: Նրանք ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Խաղարկային ժյուրին գլխավորելու է անվանի ռեժիսոր Իշվան Սաբոն, անդամներն  էլ ոչ պակաս անվանի կինոդեմքեր  են: Խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվեն Նիկոս  Կորնիլիուսի «11 հանդիպում հորս հետ», Սանհուն Փարկի «Սոսկ կյանք», Սրդան Գոլուբիչի «Շրջաններ», Միրա ֆորնայի «Իմ մարդասպան շունը», Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», Պիտեր Բրոսենսի եւ Ջեսիքա Վուդոուրֆի «Հինգերորդ եղանակը»:

Վավերագրական մրցույթում  կցուցադրվեն Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ»,  Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջեւ», Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմերը եւ այլն: Փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը հայտնեց, որ Վավերագրական մրցույթի համար 700 ֆիլմ են ստացել 63 երկրից, մրցույթում ընդգրկված է 11-ը: Նրա ձեւակերպմամբ, ֆիլմերը բազմազան են ժանրային եւ մյուս առումներով:

«Հայկական  համայնապատկեր» ծրագրի  համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնեց, որ կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Շուրջ հարյուր ֆիլմի հայտ է ստացվել, ընտրվել է 23-ը: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում են կինոքննադատ Դեյվիդ դ՛Արսին, սոցիոլոգ Ժան Ռադվանին, կինոքննադատ Նիք Ջեյմսը եւ ուրիշներ:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի համակարգող Արամ Շահբազյանը հայտնեց, որ այս տարի մեծ հոսք է եղել` ավելի քան 900  հայտ: Միքայել Ստամբոլցյանն էլ  հավելեց, որ ֆիլմերի այնքան առատ հոսք է եղել, որ ինքը, պատկերավոր ասած, սարսափած է: