ՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն:
Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։
Ուսումնավարժության նպատակներն էին`
• կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում.
• ստուգել և ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջև.
• ստուգել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը.
• ապահովել ՀՀ պետական սահմանային հսկողության (ներկրվող և արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողությունը, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն) իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ և հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող և նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը.
• ապահովել միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը:
Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները և արդիականությունը հանրապետության տարածքում:
Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և անկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվեցին նաև շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ:
