Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում

unescoՀայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:

14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր «My Fairy Tale» տեսահոլովակով:

Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների անհատական եւ ստեղծագործական մոտեցումները խաղաղության մշակույթի արժեքները բացահայտելու գործում:

Տեղեկանք: Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթը անցկացվեց ՛՛Հանուն խաղաղության մշակույթի եւ ընդդեմ բռնության՛՛ խորագրով գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ համաժողովի կողմից: