2013 թվականի հունիսի 12-ին լրացավ հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Այն առիթ է ընձեռում ևս մեկ անգամ հիշելու Մոնթեի կյանքն ու գործունեությունը, խորությամբ ծանոթանալու նրա գաղափարներին և դրանք վերաիմաստավորելով` շարունակելու Մոնթեի և նրա մարտական, գաղափարակից ընկերների գործը:
«Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը հունիսի 16-ին` ժամը 19:00-ին, բոլորին հրավիրում է Երևանի Հ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն` ներկա գտնվելու Մոնթե Մելքոնյանին նվիրված «Սա իմ վերջին պայքարը չէ» խորագիրը կրող միջոցառմանը:
Նախքան միջոցառումը կազմակերպվում է այց Եռաբլուր, որտեղ կայցելենք Մոնթեի շիրիմին: Այնտեղ բոլորս միասին կերգենք «Հիմի էլ լռենք» երգը: Եռաբլուրից ոտքով (մինչև Մաշտոցի պողոտա` ավտոբուսով) կշարժվենք դեպի Տիկնիկային թատրոն` մասնակցելու միջոցառմանը: Եռաբլուր այցը կմեկնարկի հունիսի 16-ին` ուղիղ ժամը 15:30-ին, Եռաբլուրի կամարի մոտից: Այցի մասնակիցներին կտրվեն հատուկ այս միջոցառման համար պատրաստված շապիկներ:
Միջոցառման նպատակն է հանրությանը և հատկապես երիտասարդությանը ներկայացնել Մոնթեի անցած ուղին, բացահայտել նրան ամենատարբեր տեսանկյուններից` որպես զինվոր, բնապահպան, ռազմավարագետ և այլն: Այն միայն հուշ-երեկո չէ, այլ իր մեջ կրում է Մոնթեի պայքարը շարունակելու պատգամը այսօրվա սերնդին փոխանցելու գաղափարը:
Այդ օրը մենք բացառիկ հնարավորություն կունենանք լսելու Մոնթեի մարտական ընկերների, ինչպես նաև Մոնթեի կնոջ` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի խոսքն ու պատմությունները: Ելույթ կունենան նաև գուսան Հայկազունը և «Կարին» ազգագրական համույթը:
«Սա իմ վերջին պայքարը չէ» միջոցառման շրջանակներում պատրաստվել է գրքույկ, որը միջոցառման ավարտին կտրվի ներկաներին: Այստեղ թեմատիկ բաժանումներով զետեղված են հատվածներ Մոնթեի կողմից գրված հոդվածներից ու աշխատություններից, ինչպես նաև նրան նվիրված մի շարք գրքերից:
ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ ԵՎ ՔԱՅԼԵՐԹ. Մեկնարկը` հունիսի 16-ին` ժամը 15:30-ին, Եռաբլուրի կամարի մոտից
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ` Երևանի Հ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն, հասցեն` Սայաթ-Նովայի պող., 4 շենք
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՐԸ ` հունիսի 16-ին` ժամը 19:00
Ֆեյսբուքյան միջոցառման հղումը` https://www.facebook.com/events/146551265537487/?notif_t=plan_user_joined
Tags: Արցախյան պատերազմի ազատամարտիկներ