Փոխվարչապետը Բյուրեղավանում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին

102717ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ներկա գտնվեց քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացավ քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը` ներդրվել է համայնքի կողմից: Նշվեց, որ 120 երեխայի համար նախատեսված համայնքային մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ գույքով: Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Նա կարեւորեց համայնքներում բարեկարգ նախակրթարանների առկայությունը եւ ողջունելի համարեց համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը:

Փոխվարչապետը մարզպետ Կ. Շահգալդյանի եւ քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացավ նաեւ թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Թիվ 1 դպրոցի 8 մասնաշենքերի նորոգման համար հատկացվել է 167 մլն 500 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դեռ 2009թ-ից: Այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է դպրոցի մեկ մասնաշենք` այդ թվում` արհեստանոցը, ճաշարանը, դահլիճը եւ ենթակառուցվածքները: Վերանորոգվել է նաեւ քաղաքի թիվ 2 դպրոցը: Այդ նպատակով 28 մլն 800 հազար դրամ էր հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով, որով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են:

Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքը: Այն իրականացվում է «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագրի» շրջանակում ` “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության կողմից:

“Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղեկացրեց, որ Բյուրեղավանում ծրագիրը մեկնարկել է մայիսին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ, քլորակայան, նոր պոմպակայան: Կկառուցվի եւ կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մեկ տարի անց: Արդյունքում քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 380 մլն դրամ է:

“Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիրը”, որն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, համայնքային ջրամատակարարման համակարգերի վերականգնում է նախատեսում 17 քաղաքներում եւ գյուղերում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

URL: http://www.mta.gov.am/hy/news/item/2013/06/15/83/

Tags: