Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է

DSCN4161Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար, կապույտ, որը  խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, և նարնջագույն, որը հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունն է խորհրդանշում: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է՝ 1:2:

ՀՀ պետական դրոշի օրվա թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Բանախոսը կարևորեց պետական տարբերանշաններից յուրաքանչյուրին առանձին օր հատկացնելը, քանի որ դա սերմանում է հարգանք այդ նշանների նկատմամբ, ինչը մեզ շատ է պակասում: Էդիկ Մինասյանը, սակայն, համաձայնեց լրագորղների այն պնդմանը, թե ՀՀ դրոշը, հիմնը և զինանշանը ունեն որոշակի թերություններ: «Մեր դրոշի երրորդ գույնը այժմ նարնջագույնն է, մինչդեռ դեռևս թագավորական դինաստիաների շրջանում որպես խորհրդանշական գույն է ընդունվել ավելի շատ ծիրանագույնը: Ինչ վերաբերում է մյուս պետական խորհրդանիշին` հիմնին, պետք է ասեմ, որ այս հարցի հետ կապված պետք է լուրջ քննարկում իրականացնել մասնագետների մասնակցությամբ: Անձամբ իմ կարծիքն է, որ պետք է ուշադրություն դարձրվի նաև Սովետական Հայաստանի հիմնին, որը մի տեսակ հպարտութուն է առաջացնում յուրաքանչյուրի մեջ և բացի դա, չի կարելի անտեսել այդ ժամանակահատվածը, որով անցել է մեր ժողովուրդը», – ասաց Էդիկ Մինասյանը:

Մեր հարցին, թե համաձայն չէ արդյոք ինքը, որ պետական զինանաշանի վրա արծվի կանգնած ու թևերը փակ դիրքը սխալ ընտրություն է, քանի որ ցույց չի տրվում արծվի հիմնական ուժը` սլացքը, բանախոսը պատասխանեց. «Անձամբ իմ կարծիքն է, որ իրոք ավելի ճիշտ կլինի արծվին պատկերել թռիչքի մեջ, բայց սա նուրբ հարց է, և պետք է լուրջ քննարկում իրականացնել եզրակացություն անելու համար»:

Tags: