«Բարև Երևան» խմբակցության դիրքորոշումները ավագանու արտահերթ նիստին

Barev-Yerevan115 հունիսի 2013թ., Երևան: Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ավագանու նիստի օրակարգը չհաստատելը հակասում է քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությանը: Բացի այդ, ըստ կանոնադրության՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային հանձնաժողովի և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կամ քաղաքապետի ներկայացուցիչը», մինչդեռ հարակից զեկուցող չկար: Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ հարցին «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին՝ համարելով, որ աշխատակազմը ուռճացված է և հարցը պատշաճ քննարկում չի անցել: Օրինակ՝ կան անտրամաբանական բարձր աշխատավարձեր. քաղաքապետարանում վարչության պետերի աշխատավարձը գերազանցում է ՀՀ պատգամավորի աշխատավարձը և այլն:

Խմբակցությունը դեմ քվեարկեց նաև օրակարգի 2-րդ հարցին, որը վերաբերում էր  կանոնադրությունում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետի տեղակալների հաստատմանը: Օրակարգի 7-ից 10-րդ հարցերը վերաբերում էին քաղաքապետարանին որպես նվիրատվություն հանձնված գույքը ընդունելուն, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում կառուցվող շենքերում հասցեների տրամադրման դիմաց գանձվող վճարը 15 հազարից 5000 սահմանելուն, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին բնակարան նվիրելուն: Դաշինքը կողմ քվերակեց այդ որոշումներին՝ միաժամանակ նշելով, որ Իրինա Զաքյանին վերաբերող նախագծում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չէ, որ ներկայացված են ավագանու անդամներին:  Դաշինքի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին նաև Սուրեն Սաֆարյանի, Վազրիկ Սեկոյանի և Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվություն տալու վերաբերյալ հարցերին:

 

Tags: