Գյումրին կապեր է հաստատում Հնդկաստանի հետ

despanԱյսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, նշեց, որ ընդամենը չորս ամիս է նշանակված դեսպան և Հայաստանում առաջին քաղաքը, որ այցելում է, Գյումրին է:

Սուրեշ Բաբուն քաղաքապետին փոխանցեց, որ իր առաքելությունն է առաջ մղել երկու երկրների դարավոր բարեկամությունը: “Մենք բավական երջանիկ ենք, որ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ունենք փոքրիկ հայկական համայնք: Մեր երկու ազգերը շատ նմանություններ ունեն` թե’ ավանդույթներում, թե’ լեզվում, թե’ ապրելակերպում: Հայաստանը, թեև չափերով փոքր է, բայց այնքան հին է, որքան Հնդկաստանը, հատկապես` Գյումրին. Գյումրին ավելի հին է, քան Երևանը”, – իր խոսքում նշեց Հնդկաստանի դեսպանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտնեց, թե նոր դեսպանին ու նոր քաղաքապետին կհաջողվի համատեղ ծրագրեր իրականացնել. “Եթե կարողանանք նաև Հնդկաստանում քույր քաղաք ունենանք, մեր համագործակցությունն ավելի հեշտ կստացվի”:

Քննարկվեց բիզնես համագործակցություն սկսելու մասին գաղափարը ՏՏ, դեղագործական, էլեկտրաարտադրության, հանքարդյունաբերության ոլորտներում: “Բնականաբար մենք գիտակցում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ փոքր շուկա: Հնդկական շատ էլեկտրակայաններ կառուցող ընկերություններ շահագրգռված են այստեղ կայաններ կառուցել”, – ընդգծեց դեսպանը:

Ուշադրությունը սևեռվեց հատկապես ՏՏ ոլորտի վրա. “Հայաստանում կա մեծ ներուժ, և հայերը մեծ արդյունքների են հասնում ՏՏ ոլորտում: Անցած տարի Երևանում բացեցինք առաջին հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, և դա  միակն է, որ ունի հնդկական “սուպեր համակարգիչը”, որ կոչվում է “Պարամ”, – հավելեց Սուրեշ Բաբուն: Նա հույս հայտնեց, որ Գյումրիի հետ ևս համագործակցությունը կարող է ձևավորվել այս ոլորտից:

Քաղաքապետն ու դեսպանը միմյանց հրաժեշտ տվեցին` հաջորդ այցին ծրագրերի առաջարկներ փոխանակելու ակնկալիքով:

Tags: ,