Կայացավ Երեւանի ավագանու հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ մայրաքաղաքի ավագանին հավանության արժանացրեցլ նաեւ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի, հաստիքացուցակի եւ աշխատավարձերի չափերի վերաբերյալ ներկայացված նախագիծը: Ի դեպ, այս հարցին քվեարկությունից առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել «Բարեւ Երեւան» դաշինքը` կարծիք հայտնելով, թե աշխատակազմերն ու աշխատավարձի չափերն անհարկի ուռճացված են եւ անընդունելի: Այդուհանդերձ, ներկայացված նախագիծը ընդունվեց ՀՀԿ խմբակցության «կողմ» ձայների շնորհիվ, «Բարեւ երեւանը» «դեմ» քվեարկեց, իսկ ԲՀԿ-ն գերադասեց «ձեռնպահ» մնալ:
Այսպիսով, ավագանին , փաստորեն, որոշել է շուրջ 100 000 դրամով ավելացնել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավար կազմի աշխատավարձերի չափերը: Օրինակ, եթե Երեւանի քաղաքապետը 2009 թվականից մինչ օրս ստանում էր ամսական 400 000 դրամ աշխատավարձ, ապա այսուհետ ստանալու է 500 000: Առաջին տեղակալը կստանա 416 000, տեղակալները՝ 385 000-ական դրամ, նույնքան աշխատավարձ կստանա նաեւ գլխավոր ճարտարապետը, ով նախկինում 220 000 դրամ էր ստանում: Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձը հասավ 301 000-ի՝ նախկին 220 000-ի փոխարեն: Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա նրանց աշխատավարձերը 270 000-ից բարձրացան մինչեւ 348 000 դրամի, իսկ նրանց տեղակալներինը` 220 000-ից 301 000 դրամի: Հիշեցնենք, որ հուլիի 1-ից կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձի չափն ավելացվել է ընդամենը 10 000 դրամով:
Ավագանու նիստից հետո «Բարև երևան»-ի ցուցակով ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ցույց տվեց թվերի ուռճացված լինելը` հատկապես «հասարակ քաղաքացիների» ցածր աշխատավարձերի ֆոնին: «Երեւանի քաղաքապետի քարտուղարուհին, օգնականը ստանում է գրեթե ԱԺ պատգամավորին հավասար աշխատավարձ: Բոլոր վարչության պետերը, քաղքապետերի տեղակալները ստանում են ավելի շատ աշխատավարձ, քան ԱԺ պատգամավորը, նախարարը: Իսկ թե Երեւանի քաղաքապետարանում ու 12 վարչական շրջաններում քանի վարչության պետ կա, ինքներդ հաշվեք: Սա նորմալ կհամարեի, եթե կոռուպցիան վերացած լիներ այս համակարգում, ու նաեւ եթե ՀՀԿ-ի ղեկավարած երկրում նվազագույն աշխատավարձը 45.000 չդարձվեր, այն էլ` վերջերս»,- գրեց Ստյոպա Սաֆարյանը:
Նա բացի այս խնդրից անդրադարձավ ավագանու հերթական նիստում գրանցված այլ զավեշտների ևս. «Երեւանի ավագանու նիստերը նախկինում կարճ էին տևում, քանի որ հարցեր գրեթե չէին հնչում,որոշումներն անցնում էին միաձայն, առանց դեմ կամ ձեռնպահ լինելու: Արդեն նոր ձևավորված ավագանին այդ ավանդույթը խախտեց: Յուրաքանչյուր հարցից հետո «Բարև Երևան» դաշինքի անդամները գրանցվում էին, հարցեր տալիս և ելույթներ ունենում: Նրանց այս ակտիվությունը դուր չէր գալիս ՀՀԿ-ական ավագանիներին` արդյուքնում նստած տեղից ռեպլիկներ էին հնչում: «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամները նրանց նկատողություններ արեցին, սակայն, ինչպես ասում են, հարցը դրանով չվերջացավ»:
Մյուս գրառումը վերաբերում էր ավագանու նիստին մասնակցության իրավունք չունեցող անձի մասնակցությանը. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մինչեւ հիմա տեղյակ չի, որ ինքը ավագանու անդամ չէ եւ իրավունք չունի մեջ ընկնել ավագանու նիստերի ժամանակ: Ոչինչ, կսովորի: Տարօրինակ է, որ ավագանու եւ ոչ մի ՀՀԿ-ական անդամ, այդ թվում նիստը վարող Տարոն Մարգարյանը, նույնպես չգիտեն, որ ավագանու անդամ չհանդիսացողները իրավունք չունեն «ինքզինքը» մեյդան գցել եւ ոչ մի անգամ սույն պարոնից չպահանջեցին լռել. տպավորություն էր, թե նա Տարոնի շեֆն է: Ի դեպ, ընկերներս պատմում են, որ նախորդ նիստին էլ Տարոն Մարգարյանը չգիտեր, որ ինքը նույնպես պետք է քվեարկի որպես ավագանու անդամ եւ նախազգուշացում է ստացել «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների կողմից: Այս մի նիստում նա արդեն կանոնավոր քվեարկում էր: Կսովորեն, կամաց-կամաց օրենքի պահանջները կսովորեն»:
