Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը

10478_am_3ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը:
ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձևում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրի»-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետև ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգևորել, համախմբել հայ ժողովրդին»:
Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություններ և հետաքրքրիր պարտիաներ:
«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

Tags: ,