Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

Ելույթ կունենան  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը,  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահԲրյուս Պողոսյանը, ,«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի և քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններիկին ներկայացուցիչներ:

ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից:

Tags: ,