Իրական Թուրքիան այստեղ է, այս հրապարակում. Թայիփ Էրդողան

erdogan   Ինչպես նախապես հայտարարվել էր՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցավ վարչապետ Էրդողանի հրավիրած հանրահավաքը, որին մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցել: Էրդողանը բոլորի առաջ ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին և Եվրախորհրդարանին, որոնք, ըստ նրա, ոչ օբյեկտիվ են գնահատում Թուրքիայում տեղի ունեցեղ իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, խոսելով Թաքսիմի «Գեզի» այգու մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ այգին չի պատկանում մի խումբ մարդկանց, այն պատկանում է Ստամբուլի ողջ բնակչությանը: Էրդողանը նշել է նաև, որ «Գեզի» այգու համար ցույցերին մասնակցել են նաև արտասահմանցիներ: «Դպրոցներում աշակերտներին ստիպել են մասնակցել ցույցերին: Այս պահին հետաքննություն է ընթանում, և եթե այդ դեպքերը հաստատվեն, ապա այդ դպրոցների տնօրենները կազատվեն աշխատանքից»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ կպատժվեն այն բոլոր անձինք, ովքեր վերջին իրադարձությունների ժամանակ ուժ են կիրառել, կոշիկներով մտել են մզկիթներ և այնտեղ ալկոհոլ օգտագործել: «Ես միապետ չեմ, ինչպես ոմանք ինձ անվանում են: Ես ծառայում եմ իմ ժողովրդին, իմ պետությանը»,-հայտարարել է Էրդողանը:

Tags: