«Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեակա՞ն պատասխանատվության տարրը». Արմեն Գևորգյան

imagesՔիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց հատուկ ընթացակարգով արտահերթ նիստ գումարելու մասին կառավարության որոշման նախագիծը՝ շարունակելով կիսատ մնացած հարցի քննարկումը՝ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ:

Որպես հարակից զեկուցող՝ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքին՝ նշելով, որ ՎՊ կողմից ներկայացրած բոլոր դրվագները կառավարությունում մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են: «Արձանագրված յուրաքանչյուր խնդրի հետ կապված կան կոնկրետ մոտեցումներ, որոշումներ, և դրանց իրականացման ընթացքը գտնվում է կառավարության անմիջական վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Արմեն Գևորգյանը հիշեցրեց նաև, որ հաշվետվություններում արտացոլված խնդիրների և թերությունների վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների բոլոր պարզաբանումները տեղադրված են կառավարության կայքէջում։

Անդրադառնալով ԱԺ դահլիճում հաշվետվության վերաբերյալ հնչած քննադատություններին և գնահատականներին՝ նա նշեց, որ  այդ խնդիրները 2012 թվականին չեն արձանագրվել, այլ տարիների ընթացքում կարծրացած խնդիրներ են:

Ինչ վերաբերում է վերջին տարիներին, ապա Արմեն Գևորգյանը կարծում է, որ լուրջ աշխատանքներ են իրականացվել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, և այժմ  օրենսդրությունը նվազագույնի է հասցնում ռիսկերը։

Արմեն Գևորգյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և որ բյուջետային հիմնական գործընթացներն իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։

«Հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ իրականացվել են: Այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, կատարված թերությունների շտկում, տուգանքներ՝ բացառությամբ մի քանի դեպքերի, երբ գործողություններն ակնհայտորեն քրեորեն պատժելի արարքներ են պարունակում»։

Փոխվարչապետը հավաստիացրեց, որ Վերահսկիչ պալատի և համապատասխան կառույցների կողմից արձանագրված որևէ դեպք անարձագանք չի մնացել և չի մնա. «Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեակա՞ն պատասխանատվության տարրը, որը կարծում ենք՝ գործող օրենսդրության կատարելագործման հարց է»,-նշեց նա:

Tags: