Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման

Ինգա զարաֆյանՀունիսի 17-ը անապատացման ու երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Մասնագետի կարծիքով` Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման: «Կառավարությունը որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդրումներ կատարել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներում, Սեւանի մաքրման վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պահպանել ջրամբարների սանիտարական կանոնները, սահմանափակել հանքային ջրերի օգտագործումը, ընդլայնել սանիտարական գոտիները: Մինչդեռ նույն կառավարության որոշմամբ Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքները 2121,2 հազար հա-ից կրճատվել են մինչեւ 2076,9 հազար հա : 7% -13% -ով ավելացել է ջրի արդյունաբերական սպառումը, հետեւաբար, ավելացել են նաեւ արդյունաբերական թափոնները, այսինքն` ավելացել է ջրի աղտոտումը: Աղտոտումը կարող է անդառնալի լինել», – ասաց Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանը նաեւ հայտնեց, որ Արարատյան դաշտում շուրջ 30 հազար հա գյուղատնտեսական տարածքներ գործածությունից դուրս են եկել, թեեւ նրանց կարգավիճակն անփոփոխ է: Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավարի` մեր կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարն իրականացվում է միայն կոչերի եւ բարի մաղթանքների մակարդակով:

Tags: