«Դրանով հերքում եք նաև Սերժ Սարգսյանին». Նիլոլ Փաշինյանը՝ Արմեն Գևորգյանին

1367496230_nikol-pashinyan2timthumbԱզգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը:

ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, թե համամիտ չէ այն գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և որ բյուջետային հիմնական գործընթացներն իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հիշելով 2012 թ. սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության հայտնի նիստը, նշեց, որ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանն այդ օրը ասել էր նույն բաները շատ ավելի կոպիտ, քան ասում է Վերահսկիչ պալատը. «Եթե Դուք հիմա հերքում եք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ապա դրանով հերքում եք նաև Սերժ Սարգսյանին:Չնայած էստեղ հարցը չի փակվում, որովհետև հարց է ծագում. ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը կառավարության քառամյա գործունեությունը ատկատների, չարաշահումների, յուրացումների, որակի առումով խիստ գնահատական տվեց, բայց հանկարծ մի քանի ամիս հետո նույն կառավարությունը շարունակում է պաշտոնավարել»:

Փաշինյանը հիշեց նաև Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ «գլխից, մեծերից բռնելու» վերաբերյալ. «Հիմա եկել, ասում եք՝ Վայոց Ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել եք, այսինքն, այդ մեծը, որին պիտի բռնեիք, Վայոց Ձորի գյուղատնտեսության վարչության պետն էր»:

Անդրադառնալով ատկատների թեմային՝ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով մամուլում առկա հրապարակումները, թե Արմեն Գևորգյանը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է, իսկ պետական համակարգի ավտոմեքենաների մեծամասնությունը գնվում է այդ ընկերությունից, նկատեց, որ դա նույնպես ատկատի մի ձև է:

Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ «Տոյոտա Արմենիա»-ի սեփականատեր լինելու վերաբերյալ ինքն արդեն բացասական պատասխան տվել է:

Նիկոլ Փաշինյանն էլ խորհուրդ տվեց հետևել վիկիլիքսյան հրապարակումներին, որի փաստաթղթերում Արմեն Գևորգյանը մատնանշված է՝ որպես «Տոյոտա Արմենիա»-ի  մեկ երրորդի սեփականատեր: «Իհարկե, սա ոչ միայն Ձեր շնորհիվ, այլ կարծում եմ՝ ընկերության մյուս ոչ անհայտ սեփականատերերի շնորհիվ»,-նկատեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, ապա փոխվարչապետը նշեց, որ ինքը որևէ ամփոփիչ գնահատական այդ հաշվետվության վերաբերյալ չի ներկայացրել: «Ես ընդամենը ներկայացրել եմ մեր մեկնաբանություններն այն դրվագների վերաբերյալ, որոնք արտացոլված են ՎՊ զեկույցում»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ խոշորի, մեծերի գլխից բռնելու վերաբերյալ, Արմեն Գևորգյանն ասաց, որ այդ հանձնարարականների վերաբերյալ հանրապետության վարչապետը ժամանակին սպառիչ պատասխաններ տվել է:

Tags: