Ադրբեջանցի լրագրողին ձերբակալել են`թույլ չտալով մասնակցել մրցանակաբաշխությանը

2Հունիսի 17-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում դեպի Ստամբուլ չվերթի ժամանակ ձերբակալվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Հուսեյնովը: Լրագրողը Ստամբուլով Օսլո էր ուղևորվում, որպեսզի ստանար իրեն շնորհած Գերդ Բուցերիուսի լրագրողական միջազգային մրցանակը: Հուսեյնովը ձերբակալվել է այն պատրվակով, թե իբր նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, և նրա անունը “բացակայելու  իրավունք չունեցողների” ցուցակում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանակն “Կոնտակտ” կայքը, Հուսեյնովին ձերբակալել և ոստիկանություն են տարել: Մի քանի ժամ անց նրան ազատել են` երկրից չբացակայելու ստորագրություն վերցնելով:
Հուսեյնովը հայտարարել է, որ դեռևս մեկ ամիս առաջ ինքը  ՆԳՆ-ին, Գլխավոր դատախազությանը և քննչական մարմնին տեղեկացրել էր մրցանակաբաշխությանը մասնակցելու իր մտադրության մասին: Ոչ մի պատասխան չստանալով` նա դա որպես համաձայնություն էր ընկալել:
Մեկ տարի առաջ Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ոստիկանության աշխատակցին դիմադրելու համար: Իբր Հուսեյնովը վիրավորել էր ոստիկանին՝ 2012թ. մայիսի 21-ին շատրվանների հրապարակում “Հասարակական պալատի” բողոքի ցույցի նկարահանման ժամանակ:  Իրականում, ոստիկանության աշխատակիցը կոտրել էր նրա տեսախցիկը:
Հուսեյնովը Օսլո էր մեկնում մի խումբ այլ ադրբեջանցի լրագրողների և իր մոր հետ: Ստեղծված պայմաններում այդ մրցանակը կստանա Հուսեյնովի մայրը`Ֆ. Հուսեյնովան:

 

Tags: