Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով.քաղաքապետարանը պատասխանում է ԱԺ-ում հնչած մեղադրանքներին

երեւանի-քաղաքապետարան1ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների և դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ տեղեկացնում ենք.

  1. Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաև ԱԺ-ում:

ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը»: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը ուղղակիորեն կատարել է օրենքի պահանջը, և այս պարագայում զարմանք է առաջացնում ՀՀ ԱԺ-ում և մամուլում հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները:

  1. Հաշվետվությունում նշվել է, որ Երևան քաղաքի  ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երևանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին, որն էլ մամուլում որակվել է որպես «օրենքից դուրս տեղի ունեցող աճուրդներ»: Մինչդեռ Երևան քաղաքի ավագանին ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.

1)      Հաստատել է հողերի օտարման տարեկան ծրագիրը՝ ըստ յուրաքանչյուր հողամասի չափի, գտնվելու վայրի, նպատակային և գործառնական նշանակության  ծածկագրերի.

2)      Որոշել է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային (նվազագույն) գները

Երևանի քաղաքապետը՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու նշված որոշումը, յուրաքանչյուր հողամասի մասով հայտարարել է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը և օրենսդրությամբ նախատեսված աճուրդային պայմանները: Նշվածի հիման վրա հանձնաժողովը կազմակերպել է աճուրդի անցկացումը (քանի որ Երևանի քաղաքապետը իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով), որոնց արդյունքները ներկայացվել է Երևանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը:

Ինչ վերաբերվում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա համաձայն նույն հաշվետվության 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից:

Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում և մամուլում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները և արվող հայտարարությունները անհիմն են և գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: