Նիկոլ Փաշինյանը հասկացել է իշխանության գործելաոճի ֆենոմենը

1367496230_nikol-pashinyan2Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը: Նիստի մեկնարկին ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, մեջբերելով Ռուսաստանի պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլևի վերջերս արված արտահայտությունը՝ «Եթե դու տասն անգամ ստուգում ես և տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ապա նախ և առաջ պետք է զբաղվեն քեզանով», նշեց, որ այդ սկզբունքը կիրառելի է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դեպքում, որը վերջին ինը ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլլարանոց առանձնատան շինարարությունը. «Ինը ամիս առաջ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին, այսօր էլ՝ ինը ամիս հետո, էլի զեկուցում է ուրիշների չարաշահումների մասին»:

Պատգամավորի կարծիքով՝ Իշխան Զաքարյանի կենսագրությունն ուշադիր ընթերցելու դեպքում էլ հնարավոր չէ գտնել մի դրվագ, որը հնարավորւթյուն կտա հանդարտ վերաբերվել նման առանձնատուն ունենալու փաստին. «Ես զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանը ԱԺ ամբիոնից խրոխտ կեցվածքով, հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: Էդ մարդիկ, ովքեր չարաշահում են, ի՞նչ է, շպիոնա՞ժ են անում Ադրբեջանի օգտին, ոչ, նրանք էլ են առանձնատներ կառուցում…»:

Սակայն, Իշխան Զաքարյանի առանձնատունն, ըստ Փաշինյանի, այս քննարկման միակ զարմանալի և հետաքրքիր դրվագը չէ. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը քսանամյա պետական պաշտոնավարության ընթացքում ռուսական և հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է Հայաստանի խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում-փնտրում և այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակները, որ այդպես անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը»:

«Այս իշխանությունը հա՛մ կոռումպացված է, հա՛մ պայքարում է կոռուպցիայի դեմ, հա՛մ ապօրինի է, հա՛մ պայքարում է ապօրինության դեմ, հա՛մ 2008 թվականի մարտի 1-ին գնդակահարել է Հայաստանի քաղաքացիներին, հա՛մ շահագրգռված է այդ սպանությունները բացահայտելու գործում, հա՛մ մեծացնում է աղքատությունը, համ պայքարում է աղքատության դեմ, հա՛մ քաղաքացիներին ստիպում է արտագաղթել, հա՛մ պայքարում է արտագաղթի դեմ»։

Ինչպե՞ս ուրեմն բացատրել այս ֆենոմենը. ըստ Փաշինյանի բացատրությունը շատ պարզ է. սրանով իշխանությունը երկու հարց է լուծում. հասկացել է, որ ակնհայտ փաստերի ժխտումը կաթիլ առ կաթիլ լցնում է ժողովրդի համբերության բաժակը և, ի վերջո, անխուսափելիորեն պայթում որպես քաղաքացիական ընդվզում։ «Այսպիսով, ուրեմն, նրանք այսպես ասած՝ գոլորշի են բաց թողնում և, ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարը մտցնում են փակուղի»։

Tags: