Հովիկ Աբրահամյանն առաջարկեց վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն

big_196fbc39f7f031c725899bd8b80f1b95

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը մասնակցեն Վերահսկիչ պալատը, կառավարությունը և գլխավոր դատախազությունը:

Չարաշահումներն արմատախիլ անելու բանալին, ըստ նրա, Վերահսկիչ պալատի, կառավարության, դատախազության և Ազգային ժողովի համագործակցությունն է:

Հովիկ Աբրահամյանը միաժամանակ ընդունում է, որ Ազգային ժողովը՝ մասնավորապես ԱԺ քաղաքական մեծամասնությունը, պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ ներկայացված շինարարական ոլորտի չարաշահումներին՝ ԱԺ նախագահը կառավարությանն առաջարկեց ժամկետներ սահմանել մասնավորապես շինարարական ոլորտի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: Նույնն  էլ՝ գնումների վերաբերյալ:

Քանի որ խորհրդարանում ծավալված քննարկումներից պարզ է դարձել, որ օրենսդրական բացերը նույնպես չարաշահումների պատճառ են հանդիսանում, Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որպեսզի կառավարությունը, Վերահսկիչ պալատը, ինչպես նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովները միասին քննարկեն և ԱԺ ներկայացնեն համապատասխան փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն:

«Եթե մեր  բոլորի նպատակն է անել ամեն ինչ, որ շարաշահումներ չլինեն, ապա այս ձևաչափը ճիշտ է»,-ընդգծեց նա:

Խորհրդարանի ղեկավարն, ամփոփելով խոսքը, հորդորեց ԱԺ ամբիոնից չհնչեցնել անհիմն մեղադրանքներ և հանրությանը թյուրիմացության մեջ գցել. «Թող որոշ մեր գործընկերներ էլ մեզ չմեղադրեն, որ զարմանում ենք որոշ գործառույթների վրա: Այո, զարմանում ենք, որովհետեւ մենք նման պայմանավորվածություն չունենք որեւէ մեկի հետ, դրա համար էլ զարմանում ենք: Զարմանում ենք նաև նրանց համարձակության վրա, որ նման քայլի են գնում՝ հասկանալով, որ պատժվելու են»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

 

Tags: ,