Տասը տարվա կտրվածքով աղջիկների առաջին տասնյակում Անի անունն էրամենագերակշռող անունը

Կարինե ԿույումջյանՏասը տարվա կտրվածքով աղջիկների առաջին տասնյակում Անի անունն էր ամենագերակշռող անունը՝ 746 երեխաների անվանակոչել են Անի:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Այդ անունն իր առաջնային դիրքը պահպանել է 2004-ին, 2005-ին և 2009-ին: 2012 թվականին Անի անունը եղել է չորրորդ տեղում:
Հաջորդ տեղերում, ըստ բանախոսի, Նարե և Մանե անուններն են եղել:
-2003-ին հաջորդող տարիներին ավելացել են այդ անուններն ունեցող երեխաները: Մանեն առաջնային տեղ է ունեցել 2010 թվականին,-ասաց բանախոսը:
Կույումջյանի հրապարակած տվյալների համաձայն՝առաջին տասնյակում են նաև Աննա, Անահիտ, Լիլիթ, Միլենա, Հասմիկ, Լուսինե անունները և այլն:
Ինչ վերաբերում է տղաների անուններին, ապա տիկին Կույումջյանն ասաց, որ տղաների առումով տասնյակի ցանկը գրեթե նույնությամբ պահպանվել է:
-Վերջին տասը տարիներին Դավիթ և Նարեկ անունները եղել են գերակշռող: Եթե 2003 թ. ընդամենը 771 տղա երեխայի են անվանել Դավիթ անունով, ապա 2012-ին` 1283 երեխայի:
Տասնյակի մեջ են Արման, Արթուր, Գոռ, Էրիկ, Տիգրան, Կարեն, Սամվել անունները: Գոռ անունը, եթե մի քանի տարի առաջ միջին դիրք ուներ, ապա վերջին տարիներին այն հայտնվել է երրորդ հորիզոնականում,-ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է տարօրինակ անուններին, ապա Կարինե Կույումջյանը նպատակահարմար չհամարեց հրապարակել, սակայն ասուլիսին ներկա ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն, օրինակ, ասաց, որ ամենաէկզոտիկ ու տարօրինակ անունը, որ հանդիպել է, եղել է Լոռու մարզում:
-Լոռիում ինչ-որ մեկը 11 աղջկանից հետո, երբ ունեցել էր 12-րդ երեխան, որը տղա էր ծնվել, անունը դրել էր Զոռով,-ասաց ազգագրագետը՝ նշելով, որ շատ է լինում, որ ՔԿԱԳ աշխատակիցներն են միջամտում և փորձում հետ պահել ծնողներին իրենց երեխաներին տարօրինակ անուններ դնել: Սա, ըստ բանախոսի, լավ է, սակայն, դրա իրավունքը, ընդհանուր առմամբ, նրանք չունեն:
Մարիամ Հովհաննիսյան

Tags: