Իրանցիները ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ

3Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Իրանի նորընտիր նախագահի, Իրանի արտաքին քաղաքականության նոր վեկտորների ու Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի տեսլականի  մասին լրագրողների հետ խոսեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն:

Ըստ  Վարդան Ոսկանյանի` նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրն  այն է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, պայմանով, որ նա չպետք է միջամտի Իրանի Ւսլամական Հանրապետության ներքին գործերին և պետք է ճանաչի Իրանի իրավունքը իրականացնելու խաղաղ միջուկային ծրագիր: Մինչդեռ  ԱՄՆ-ն Իրանի ընտրություններն  արդեն գնահատել է ոչ թափանցիկ:

Վարդան Ոսկանյանը փաստում է, որ իրանցիները կատարեցին շատ կարևոր քայլ` միջազգային ասպարեզում բարձրացրին երկրի վարկանիշը և ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ: Իրանագետը կանխատեսում է, որ Իրանը Արևմուտքի կամ Իսրայելի հետ կունենա տնտեսական որոշ անհամաձայնություններ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան – Իրան հարաբերություններին, Հասան Ռուհանին դեռևս չի անդրադարձել Կովկասին: «Եթե կանխատեսենք, պետք է նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք` հայ-իրանական հարաբերությունները կապված չեն Իրանի նախագահների փոխվելու հետ: Հայ-իրանական հարաբերությունները կայուն են: Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունների սրում չի եղել»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Իրան-Սիրիա հարաբերություններին` Վարդան Ոսկանյանը փաստեց, որ Իրանը միշտ էլ, անկախ ամեն ինչից, հավատարիմ կմնա Բաշար Ալ-Ասադի իշխանությանը հովանավորելու իր քաղաքականությանը, քանի որ, ինչպես ընդունված է ասել, «Սիրիան Իրան տանող դարպասն է»: