«Սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն». Իշխան Զաքարյանն ամփոփեց ՎՊ հաշվետվությունը

12_9_2012_17_5_47_wfvavtkzԽորհրդարանում ամփոփվեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունը, որն Ազգային ժողովն ընդունեց ի գիտություն՝ սահմանված կարգի համաձայն:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ հաշվետվության վերաբերալ հնչեցրած այն գնահատականին, թե արձանագրվածը համատարած թալան է. «Հաշվետվության մեջ չկա էդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ տերմիններ օգտագործելուց հետո փորձ են անում հետո դրանք շտկել: Դա արդար չի»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին 2-3 տարիների շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ դրանք թանկացել են, և տարօրինակն այն է, որ տենդեռով ապրանք են ձեռք բերում, որը շուկայում շատ ավելի էժան է. «Մեկը դրա համար պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Անպայման պետք է մարդ ձերբակալե՞նք, Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերե՞նք: Այն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները, նպաստները կարգավորեք, բոլորն ասում էին՝ կարգին է, վերջում պարզվեց՝ տարեկան 12 միլիարդ այնտեղից կարող էին տնտեսում անել: Սա անթույլատրելի է»:

Իշխան Զաքարյանի կարծիքով՝ այն, ինչ ներկայացվել է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, շատ ավելի մեղմ է, քան ասել է Հանրապետության նախագահը սեպտեմբերի 15-ի կառավարության նիստի ժամանակ:

Բայց այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ երույթները համատարած են, կան բնագավառներ, որտեղ նախարարները շահագրգռված են այս երևույթները վերացնելու գործում. «Եվ հիմա վստահ ձեզ ասում եմ. եթե այսպես շարունակենք, մինիմալ չափերի ենք հասցնելու կոռուպցիոն ռիսկերը»,-հայտարարեց նա:

Ամփոփելով խոսքը՝ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ժամանակն է արդեն ավելի խիստ և ավելի լուրջ մտեցում ունենալ բոլոր այն կառույցների և նրանց ղեկավարների նկատմամբ, որոնք բացասական վերաբերմունք ունեն բյուջեի ծախսային մասի հետ կապված. «Այս առումով որևէ մեկը որևէ կասկած թող չունենա. սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն»,-ասաց նա:

Tags: ,