Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Իրաքչըն հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը ներքաղաքական բովանդակություն ունեն, և օտարները իրավունք չունեն միջամտելու այդ դեպքերին: Ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ Իրաքչըն նշել է, որ Իրանը «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին նայում է որպես «Թուրքիայի ներքին խնդիր»: Խոսնակը մաղթել է, որպեսզի Անկարայի կառավարությունը և ցուցարարները խաղաղ ճանապարհով ողջամիտ լուծման հանգեն:
«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աբաս Իրաքչըն խոսել է նաև անգլիական «The Independent» թերթի տարածած այն լուրի մասին, թե Իրանը Ասադին օգնելու համար 4 հազար զինվոր է Սիրիա ուղարկելու: «Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ լուրը: Սիրիական կառավարությունը և բանակը ահաբեկչական խմբերի հետ պատերազմելու համար նման օգնության կարիք չունի և ինքնուրույն կարող է պայքարել իր թշնամիների դեմ»,-հայտարարել է Իրաքչըն:
Tags: թուրքիա, իրան