Երեւանում տեղի ունեցավ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը

231Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը:

Նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` նշելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցության տարիներին Հայաստանը ԵԽ-ի հետ ձեւավորել է համագործակցության ուղղությունների ընդգրկուն շրջանակ, եւ այդ փաթեթում մշտապես իրենց կարեւոր տեղն են ունեցել տեղական ժողովրդավարության կայացմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

ՀՀ փոխվարչապետը հրապարակեց նաեւ բյուրոյի անդամներին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես նշվում է.

“Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք երկրների նախկին նախագահությունների համար, եւ այն մնալու է Հայաստանի նախագահության ժամանակ սահմանված գերակայությունների շարքում, քանի որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Եվրոպայի խորհրդի կարեւորագույն ինստիտուտներից մեկի՝ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում փաստում է, որ Հայաստանը անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարացման, եւ հատկապես` տեղական մակարդակում գործնական ու արդյունավետ ժողովրդավարություն ապահովելու ճանապարհով։

Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդման ու խորացման առումով մենք հաստատակամ ենք եւ վստահ, որ այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ավանդույթներ ունեցող մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի ապագայում։

Հայաստանը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության միջոցառումների ծրագրում մեծ տեղ է հատկացրել տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված հատվածին։ Ծրագրի տեղական ժողովրդավարությանն ուղղված հատվածում ձեւակերպված են հավակնոտ խնդիրներ` պետական լիազորությունների հետագա ապակենտրոնացում, տեղական իշխանությունների գործունեության թափանցիկություն եւ բնակչության մասնակցություն, մատուցվող ծառայությունների լայն շրջանակ ու որակ։

Նշված խնդիրների լուծման համար մեր օրակարգում է համայնքների կարողությունների ու ունակությունների համապատասխանեցումն իրենց լիազորություններին։ Ի թիվս այլ քայլերի` սկզբունքային են դիտվում համայնքների խոշորացմանը ուղղված վարչատարածքային բարեփոխումներն ու համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդարձակումը, որոնց իրականացմանը մենք արդեն ձեռնամուխ ենք եղել։
Վստահ ենք, որ այս աշխատանքներում եւս կունենանք Եվրոպայի խորհրդի խորհրդատվական աջակցությունը”։

ՀՀ փոխվարչապետը հանդես եկավ նաեւ ելույթով` անդրադառնալով Հայաստանում տարածքային եւ տեղական իշխանությունների խնդիրներին, բարեփոխումների հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստան-Կոնգրես համագործակցությանը:

Բացման ելույթներից հետո Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Tags: ,