Գեներալ Մանվելի ցնցող ելույթն Աժ ամբիոնից

d6dd0__106838խորհրդարանում այսօր քննարկվում էր «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Մինչ իր համահեղինակած օրինագիծը քվերակության դնելը, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Մանվել Գրիգորյանը` հիմնավորելով օրենքի ընդունման ահնրաժեշտությունը: Նրա խոսքով` խնդիրը զուտ բարոյական է: Ավելի պարզ ասած` այս օրինագծով ինքն իր դիրքից իջնում, հավասարվում է շարքային ազատամարտիկներին. «Ես չեմ ուզում որևէ մեկից բարձր լինեմ»,-հայտարարեց նա:

Նա վատ է զգում, որ այսօր շատ կռված տղերքի չեն ճանաչում, նրանց արածը չեն գնահատում, ինչն այս օրենքի շրջանակներում կլուծվի:

«Ինչքան կարենանք անենք ազատամարտիկների համար, քիչ ա, միլիարդ տարի էլ, էսօր աշխարհն ինչ անում ա` քիչ ա…»,-ասաց նա:

Այնուհետև Մանվել Գրիգորյանը, ոգևորվելով իր ելույթից, անցավ երկրի մյուս խնդիրներին` արտագաղթ, կարկուտ, ներքաղաքական վեճեր. «Էսօր մենք իրարից սկսել ենք նեղանալ, վիրավորվել, խնդիրը էն չի, որ մեկը նախագահ ա, մեկը վարչապետ, փոխվելու ա մի ամիս հետո…թշնամություն մի արեք, տղա, աղջիկ ունեք, էգուց իրար հետ պսակելու եք, բարեկամանալու եք…»:

Հովիկ Աբրահանյանն արձագանքեց Մանվել Գրիգորյանին. «Գեներալ, ասեցիք` մի ամիս հետո փոխվելու են, մարդկանց մոտ ուրախություն առաջացավ: Գոնե ասեք` ժամանակի ընթացքում են փոխվելու»:

Գեներալ Մանվելն իրեն չկորցրեց. «Ասում եմ` մի ամիս հետո, բայց ո˜ր տարվա, ո˜ր դարի….»: Նիստերի դահլիճը ծիծաղից պայթեց, ոմանք անգամ ծափահարեցին:

Ավելի ոգևորվելով` Մանվել Գրիգորյանն անցավ օրինագծի ինչ որ խնդրահարույց կետի` ասելով. «Հիմա մենք գրել, ձևակերպում ենք տվել, ախպեր ջան, ձեր դուրը չի գալիս, ասեք գրենք…»:

Հովիկ Աբրահամյանը ազդանշանով հիշեցրեց, որ ելույթի ժամանակը սպառվել է, սակայն Մանվել Գրիգորյանը շարունակում էր ոգեշունչ ճառ ասել հայրենասիրության ու կամավորների մասին: «Բոլորը կողմ են, մի համոզեք»,-փորձեց նրան այդկերպ ընդհատել Աժ նախագահը:

«Չէ, կողմ չեն,-շարունակեց Մանվել Գրիգորյանը,-Լսեք: Ես ուզում եմ իջնեմ, հավասարվեմ իմ ընկերներին: Եթե կարում ենք, մի լավ բան անենք, օգնենք իրանցը…»:

Հովիկ Աբրահամյանը հորդորեց չխախտել ԱԺ կանոնակարգ օրենքը` կրկին հիշեցնելով, որ ժամանակը սպառվել է, ինչից հետո գեներալ Մանվելն ի վերջո ավարտեց ելույթը և Հովիկ Աբրահամյանին ասաց. «Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, քու խաթր եմ գնում…»:

Դահլիճում կրկին ծիծաղի բարձրացավ:

Այնուհետև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց` չնայած ընդդիմադիր պատգամավորներից շատերը հայտարարեցին, որ այն զուտ բարոյական հարթության մեջ է և որևէ նյութական աջակցություն չի ցուցաբերի ազատամարտիկներին:

Պատգամավորները օրինագծի միաձայն ընդունմանը ծափողջույններով արձագանքեցին, իսկ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց.«Այս քվեարկությունը ցույց տվեց, թե մենք որքան ենք հարգում մեր ազատամարտիկներին»։

 

 

Tags: