Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

1Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, խոր ափսոսանք են հայտնում այն բանի համար, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման հասնել։
“Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում գտնեն, շարունակում են ձգտել միակողմանի ելքի”,-ասված է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի` “G-8” գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի” կայքին:

“Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա”,-ասված է փաստաթղթում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին 4 տարիների ընթացքում այդ թեմայով իրենց հայտարարությունները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման հիմք հանդիսանան։ Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ հայտարարություններում արված դրույթները պետք է հաշվի առնվեն որպես մեկ ամբողջություն, ինչպես նաև նշվել է, որ որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը։

“Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի կամ սպառնալիքի կիրառման անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք”,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

 

Tags: ,