Գյումրիում գերադասում են թաց ասֆալտը

lusankar@ galatv.am-iՄինչ Երևանում քննարկում են կենտրոնը ձևափոխելու հարցը, Գյումրիում արագ տեմպերով ասֆալտապատում են կենտրոնական հրապարակն ու նրան հարող փողոցները: Քաղաքի մյուս փողոցներում զուգահեռ ընթանում են փոսային նորոգման աշխատանքներ և այնպիսի ջանասիրությամբ են աշխատում ասֆալտապատող ընկերությունները, որ հորդ անձրևն իսկ անզոր է խանգարել: Մասնավորապես, Վազգեն Սարգսյան փողոցում ջրմուղի քանդած ասֆալտն էր վերականգնում “Սադե” ընկերությունը: Երեկ երեկոյան, հորդառատ անձրևի տակ, երբ բոլոր փոսերը լցված էին ջրով, այս շինկազմակերպությունը փութաջան ասֆալտ էր փռում: Առավոտյան արդեն մարզպետի ու քաղաքապետի հանձնարարությամբ երեկոյան թաց ասֆալտը նույն եռանդով քանդվեց: Այսպես եղավ նաև մոտ մեկ ամիս առաջ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ անձրևաջրախառն ասֆալտը նույն պաշտոնյաների պահանջով քանդվեց:

“Ես շնորհակալ եմ լրատվամիջոցներին, որ այդքան ուշադիր են և բարձրաձայնում են: Վ.Սարգսյան փողոցի ասֆալտն այսօր գնացել քանդել ենք տվել”, – դեպքի մասին ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

“Բարեբախտաբար, մի քանի օր անձրև չեկավ և կարողացանք հրապարակը` իր հարակից չորս փողոցներով ասֆալտապատել: Կապիտալ հիմնանորոգում կատարվեց կառավարության հատկացրած 300 մլն-ի և մարզպետարանի միջոցներով: Նույն չափի գումարներ մենք ենք ներդրել փոսային նորոգումներ կատարելու համար”, – նշեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետի փոխանցմամբ, մարզպետի հետ համաձայնություն է ձեռք բերվել ամբողջությամբ հիմնանորոգել Շիրակացի փողոցը` մի հատվածը մարզպետարանի, մյուսը` քաղաքապետարանի կողմից:

“Կփորձենք նաև զուգահեռ խճապատել երկրորդական փողոցները: Շատ ծանր վիճակում են գտնվում Անի և Մուշ-2 թաղամասերը կապող ճանապարհը, Կոմիտաս, Սավոյան, Բաղրամյան, Գերցեն, Շարա Տալյան փողոցները: Գիտեք, մեր “Գրեյդեր” մեքենաները շատ հին են և հիմա, մի փոքր նորոգվելուց, կարգի բերելուց հետո կսկսենք այդ փողոցների հարթեցման աշխատանքները”, – տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Tags: