Այսօր «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան, մթերումն ինտենսիվ շարունակվում է և այս տարի թերևս կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը` 13 հազար տոննան:
Կարեն Բաղդասարյանն ասաց, որ «Սպայկա» ընկերությունը ծիրան մթերում է 400-500 դրամով, վճարումը կատարվում է կանխիկ: «Մենք կանգնած ենք ֆերմերների կողքին: Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերում ինչ-որ գնի շրջանակներում, մենք չենք խախտում այն: Աշխատում ենք նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև վերջ մթերելու ենք արդեն հայտարարված գնով, ի տարբերություն շատ այլ մթերողների, ովքեր նախապես այլ գին են ասում, մթերման ժամանակ` այլ գին` գյուղացիներին կագնեցնելով խնդրի առաջ», – ասաց Կարեն Բաղդասարյանը և նշեց, որ հայկական ծիրանը դրսում վաճառվում է 750-800 դրամի սահմաններում:
Այն հարցին, թե ինչպես անդրադարձավ «Սպայկայի» հրդեհն իրենց գործունեության վրա, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ մեծ վթարը կարող էր ազդել մթերումների վրա, բայց ընդամենը մեկ ամսվա ընթացքում, շնորհիվ մեր ղեկավարի կամքի, կոլեկտիվը վերակազմավորեց իր ուժերը: Մայիսի տասնհինգի գիշերը տեղի ունցավ այդ դեպքը, մենք արդեն երկու օր առաջ գործարկել ենք սառնարանային համալիրը, այսինքն, թույլ չտվեցինք, որ հրդեհը ազդի մեր աշխատանքի վրա»։
Tags: գյուղատնտեսություն