Այն բանից հետո, ինչ թուրքական ոստիկանությունը ցրեց «Գեզի» այգու ցուցարարներին, երեկ 18:00-ից սկսած Ստամբուլը բողոքելու մեկ այլ ձև է գտել: Կանգնե՛լ: Մի շարք երիտասարդներ իրենց բողոքը արտահայտելու համար որևէ տեղ են ընտրում Ստամբուլի կենտրոնական մասերում և անշարժ կանգնում այդտեղ: Այս տարբերակով երեկ Թաքսիմում կանգնեց Էրդեմ Գյունդուզը՝ իր այս շարժումը տարածելով ողջ երկրում:
«Կանգնած մարդ» անվանումը ստացած ցուցարարներից մեկն էլ 20-ամյա Ալիջան Բիրթեքսյոզն է, որին անցնող քաղաքացիները ողջունել են ծափահարություններով: Ալիջանը մամուլի ներկայացուցիչներին այսպիսի պարզաբանում է արել. «Ես աշխատում եմ ցույց տալ, որ ժողովուրդը ուժեղ է: Թաքսիմում մեր մեծ եղբայրը նման ցույց է սկսել, ես էլ նրան աջակցում եմ: Արդեն 4 ժամ է այստեղ եմ, մտածում եմ այստեղ կանգնել այնքան, ինչքան կկարողանամ դիմանալ: Դիմադրելու ենք: Ուզում եմ պաշտպանել Գեզի այգու կանաչը, բարձրացնել այն, չեմ ուզում, որ քանդեն, այդ պատճառով էլ դիմադրում եմ»:
«Կանգնած մարդ» դարձած Ալիջանին ողջունում են շրջակայքի բնակիչները, ոմանք աջակցում են նրան ջուր և թխվածք բերելով: Ցուցարարին աջակցում է նաև նրա մայրը: «Ես կանգնած մարդու մայր եմ, ցույցը շատ խելամիտ եմ համարում: Աստված տա, որ հրաշալի կերպով շարունակվող ցույցերը համապատասխան արդյունք ունենան»,-նշել է տղայի մայրը:
Նշենք, որ այս պահին, «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արդեն բազմաթիվ «կանգնած մարդիկ» կան:
Tags: թուրքիա