«Կանգնած մարդկանց» թիվը գնալով ավելանում է և՛ Թուրքիայում, և՛ արտասահմանում (լուսանկարներ)

2

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում բողոքի նոր ակցիա է սկսվել, որը ստացել է «կանգնած մարդ» անվանումը: Երեկ Էրդեմ Գյունդյուզ անունով մի քաղաքացի անշարժ կանգնել է Թաքսիմի հրապարակում՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը «Գեզի» այգու քանդման դեմ: Ահա Գյուդյուզի սկսած այս շարժումը հաշված ժամերի ընթացքում մեծ տարածում և աջակցություն է գտել ինչպես Թուրքիայի մի շարք քաղաքներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Իզմիր բնակիչները ևս որոշել են հավաքվել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում և վերածվել «կանգնած մարդկանց»: Բացի այդ մոտ 100 երիտասարդ որոշել են կանգնել քաղաքի պողոտաներից մեկում՝ փակելով երթևեկությունը: Որոշ ցուցարարներ էլ նստել են հենց երթևեկելի փողոցների մեջտեղում: «Կանգնած մարդ» նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ կանայք: Երեկ երեկոյան Թաքսիմի մետրոյի մուտքի մոտ մի կին սկսել է իր կանգնելու ցույցը, որից հետո նրան միացել են ևս երկուսը: Կանայք մինչև առավոտ կանգնած են մնացել նույն տեղում: Հայտնի է, որ նրանցից մեկը ուշագնաց է եղել:

«Կանգնած մարդ» նախաձեռնությունը համակիրներ ունի նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Թուրքիական «Ռադիկալը» հաղորդում է, որ Նյու Յորքում մի թուրք երիտասարդ կանգնել է ԱՄՆ-ի խորհրդանիշը հանդիսացող Ազատության արձանի դիմաց և ժամերով անշարժ մնացել՝ այդպիսով իր աջակցությունը հղելով Թուրքիայում ցույց սկսած  հայրենակիցներին:

Tags: